Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական ծրագիրը
Նմանատիպ
Պետականության ճգնաժամը Հայաստանում: Գործողությունների ծրագիր Հանրապետության Նախագահի համար
Հանրապետության Նախագահը պետության գլուխն է: Նա պարտավոր է ապահովել քաղաքացիների սահմանադրական իրավունքների պահպանումը և իշխանության մարմինների բնականոն աշխատանքը: Նախագահը լիազորված է լինել Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորը:
Պետականության ճգնաժամը Հայաստանում կարող է հաղթահարվել միայն քաղաքացիական հասարակության և այն քաղաքական ուժերի համատեղ ջանքերով, ովքեր իրականում ընդդիմադիր են իշխող կուսակցությանը և նրա արբանյակներին:
1. Պետության նկատմամբ հասարակության վստահությունը վերականգնելու համար Հանրապետության Նախագահը պարտավոր է քաղաքացիական հասարակության հետ միասին.
– հեռացնել քրեական օլիգարխիային գործադիր և օրենսդիր իշխանությունից,
– ստեղծել սահմանադրական երաշխիք հետագայում ժողովրդավարական կարգը պահպանելու համար,
– սահմանել հասարակական վերահսկողություն ազգային հարստության նկատմամբ:
1.1. Քրեական օլիգարխիային օրենսդիր և գործադիր իշխանություններից հեռացնելու համար անհրաժեշտ է լուծարել այն կուսակցությունները, որոնց միջոցով օլիգարխիան վերահսկում է Ազգային ժողովը և Կառավարությունը: Ակնհայտ է, որ այդ
կուսակցությունները ընտրությունների ընթացքում զանգվածաբար կաշառել են ընտրողներին: Ընտրողին կաշառելը քրեական հանցանք է: Ըստ օրենքի, այն կուսակցությունները, որոնք թույլ են տվել Սահմանադրության կոպիտ խախտում, ենթակա են լուծարման: Դրանց լուծարման մասին որոշում է կայացնում Սահմանադրական դատարանը: Գործող սահմանադրական նորմերի համաձայն՝ կուսակցության լուծարման դեպքում դադարեցվում են ազգային ժողովում տվյալ կուսակցության պատգամավորական խմբակցության և կուսակցական ցուցակով ընտրված պատգամավորների լիազորությունները: Այնուհետև, Ազգային ժողովի թափուր տեղերի համար անց են կացվում լրացուցիչ ընտրություններ:
Հանրապետության Նախագահը, ստանձնելով պաշտոնը, պարտավոր է ինքնալուծարման պահանջով դիմել քրեաօլիգարխիայի վերահսկողության տակ գտնվող կուսակցություններին: Եթե հակասահմանադրական կուսակցությունները հրաժարվում են
կատարել այդ պահանջը, Հանրապետության Նախագահն իրավունք ունի ստեղծել հատուկ հետաքննչական հանձնաժողով’ որոշելու ընտրողներին կաշառելու համար այդ կուսակցությունների սահմանադրական պատասխանատվությունը: Հասարակության
աջակցությամբ հնարավոր կլինի կարճ ժամկետում հավաքել ապացույցներ այն մասին, որ ընտրական իրավունքի խախտումները եղել են կանխամտածված, նպատակաուղղված,կանխորոշված և կազմակերպված գործողություններ, որոնցում ուղղակի կամ անուղղակի
ներգրավված են եղել այդ կուսակցությունների անդամների մեծ մասը:
Հանրապետության Նախագահն իրավունք ունի դիմել սահմանադրական դատարան’ ընտրողների զանգվածային կաշառման համար պատասխանատու կուսակցությունների լուծարման պահանջով: Սահմանադրական դատարանը պարտավոր է ուսումնասիրել
Սահմանադրության հիմնարար նորմերի խախտումների վերաբերյալ հետաքննող հանձնաժողովի ներկայացրած ապացույցները: Օրենքի համաձայն, դատարանը պետք է իր որոշումը կայացնի Նախագահի դիմումից հետո՝ երեք ամսվա ընթացքում:
Ժողովրդի վստահության Կառավարություն ձևավորելու նպատակով, Հանրապետության Նախագահը պարտավոր է վարչապետի պաշտոնի հավակնորդին որոշելիս երկրում անցկացնել հասարակական կարծիքի հարցում: Եթե Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը վստահություն չեն հայտնում վարչապետի տվյալ թեկնածուին, ապա Նախագահը կարող է առաջարկել Ազգային ժողովին’ որոշում կայացնել վաղաժամկետ արձակման մասին և նշանակել նոր ընտրություններ: Քաղաքացիական հասարակությունը և Նախագահը համատեղ ջանքերով կարող են ապահովել պայմաններ՝ ազատ և ազնիվ ընտրություններ անցկացնելու համար, որոնք թույլ կտան լիովին հեռացնել քրեական օլիգարխիային օրենսդիր և գործադիր իշխանությունից:
1.2. Ժողովրդավարական կարգը հետագայում պաշտպանելու համար սահմանադրական երաշխիքներ ստեղծելու նպատակով անհրաժեշտ է վերանայել Սահմանադրությունը:
Գործող Սահմանադրությունը թույլ է տալիս մեկ քաղաքական ուժի (կուսակցության կամ կուսակցությունների միավորման) իր ձեռքում կենտրոնացնել ամբողջ օրենսդիր և գործադիր իշխանությունը, ինչպես նաև’ վերահսկել դատական իշխանությունը: Նախագահի պաշտոնը զբաղեցնող և պատգամավորական մանդատների մեծամասնությանը տիրող քաղաքական ուժը, ըստ Սահմանադրության, բացառիկ իրավունք է ստանում առաջադրել, նշանակել կամ հաստատել անձանց՝ պետության բոլոր առանցքային պաշտոններում:
Սահմանադրությունն ընդունվում կամ փոփոխություններ է կրում հանրաքվեի միջոցով, Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի նախաձեռնությամբ: Հանրաքվե նշանակում է Հանրապետության Նախագահը՝ Ազգային ժողովի առաջարկով կամ
համաձայնությամբ: Քանի որ Նախագահն իրավունք ունի հանրաքվեի դնել նոր Սահմանադրության նախագիծ, նա կարող է պատգամել իր այդ լիազորությունը քաղաքացիներին:
Հանրապետության Նախագահն իր առաջին հրամանով պարտավոր է հրավիրել Սահմանադիր ժողով, հաստատել դրա ընտրման կարգը, լիազորությունները և աշխատակարգը: Սահմանադիր ժողովը կարող է կազմվել 82 պատգամավորից: Հանրապետության Նախագահը Սահմանադիր ժողովում կարող է ունենալ դիտորդի կարգավիճակ և խորհրդակցական ձայնի իրավունք: Սահմանադիր ժողովի 41 պատգամավոր կարող են ընտրվել գործող ընտրատարածքներից, մնացած 41-ը կարող եննշանակվել Նախագահի կողմից’ քաղաքացիական հասարակության առաջարկությամբ:
Ընտրված Նախագահի կողմից պաշտոն ստանձնելուն նախորդող ժամանակահատվածում քաղաքացիական հասարակությունը կարող է գումարել բաց հասարակական խորհրդաժողով’ հստակեցնելու իր կողմից առաջարկվող պատվիրակների առաջադրման
մեխանիզմները և օրինական ընտրությունը: Հանրապետության Նախագահը կարող է առաջարկել կնքել Հանրային պայմանագիր, որն
իր մեջ կներառի քաղաքացու իրավունքների հռչակագիրը, պետության կառավարման քաղաքական սկզբունքները, պետության կառավարմանն ուղղակի մասնակցելու և դրա նկատմամբ հսկողություն իրականացնելու քաղաքացու պարտավորությունները:
Սահմանադիր ժողովի կողմից հաստատվելուց հետո Հանրային պայմանագիրը բաց կլինի բոլոր քաղաքացիների կողմից ստորագրվելու համար: Այն քաղաքացիները, ովքեր կմիանան Հանրային պայմանագրին, իրավունք կստանան հանդես գալ Սահմանադիր
ժողովում օրենսդրական նախաձեռնությամբ և ուղղակիորեն մասնակցել նոր Սահմանադրության առանցքային հարցերի վերաբերյալ որոշումների կայացմանը:
1.3. Ազգային հարստության նկատմամբ հասարակական վերահսկողություն սահմանելու համար անհրաժեշտ է.
– իրականացնել հանրային հսկողություն Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց ընտանիքների անդամների և նրանց հետ փոխկապակցված անձանց սեփականության նկատմամբ,
– պետությանը վերադարձնել Երրորդ Հանրապետության գոյության ընթացքում պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն ճանապարհով կուտակված անօրինական հարստությունը,
– վերանայել երկրի բնական ռեսուրսների, ստրատեգիական ենթակառուցվածքների համակարգերի և օբյեկտների օգտագործման վերաբերյալ բոլոր պայմանագրերն ու համաձայնագրերը, որոնք կնքել է քրեական օլիգարխիան հանուն Երրորդ Հանրապետության,
– հետաքննել Հայաստանի արտաքին պարտքի ձևավորման և միջազգային վարկատուներից ստացված վարկային ռեսուրսների նպատակային օգտագործման հանգամանքները:
Այս գործընթացն իրականացնելու համար Նախագահը պարտավոր է հաստատել լիազորություններ և աշխատակարգ հատուկ հանձնաժողովների համար, որոնց կազմում մեծամասնություն են կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Քաղաքացիական հասարակությունը պետք է հրավիրի բաց խորհրդաժողով և ինքնուրույն որոշի այդ հանձնաժողովներում իր ներկայացուցիչների առաջադրման, ընտրման և հետ կանչման ժողովրդավարական մեխանիզմները: Հատուկ հանձնաժողովների
գործունեությունը պետք է բաց լինի հանրության առջև, իսկ հետաքննություններիարդյունքները պետք է հիմք դառնան պետական իշխանության մարմինների կողմից պարտադիր համապատասխան որոշումներ կայացնելու համար:
Պաշտոնատար անձանց սեփականության նկատմամբ հանրային հսկողություն իրականացնելու իրավական հիմքը գործող Սահմանադրությունն է, որն արգելում է Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովի պատգամավորներին և
Կառավարության անդամներին զբաղվել ձեռնարկատիրությամբ: Հետևաբար, Նախագահը պարտավոր է Սահմանադրության պահանջով ստեղծել հսկողության այնպիսի մեխանիզմներ, որոնք անվերապահ երաշխիքներ կտան քաղաքացիներին այն մասին, որ
պետության ղեկավարներից որևէ մեկը չի կարողանա օգտագործել իր դիրքն անձնական նպատակներով:
Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգայնորեն ընդունված չափանիշների համաձայն, պաշտոնատար անձի սեփականության’իր օրինական եկամուտները գերազանցող ավելացումը, որն անձը չի կարողանում ողջամիտ հիմնավորել, համարվում է նրա ապօրինի հարստացում: Այս կանոնի կիրառումը հանրապետության գոյության ընթացքում հանրային պաշտոններ զբաղեցրած անձանց նկատմամբ հնարավորություն կտա ի հայտ բերել հարստության ապօրինի կուտակման արդյունք հանդիսացող սեփականությունը:
Անօրինական սեփականության այն տերերին, ովքեր կամովին կընդունեն իրենց մեղքը և կհամագործակցեն հետաքննության ընթացքում, Նախագահն իրավունք ունի առաջարկել այդ սեփականության նկատմամբ սեփականության իրավունքի պահպանում’ դրա ամբողջ արժեքը հինգ տարվա ընթացքում պետությանը հատուցելու պայմանով: Այս կանոնը չի կարող տարածվել բարձրաստիճան այն պաշտոնյաների վրա, որոնք իշխանության ղեկին գտնվելու ամբողջ ընթացքում թույլ են տվել կոռուպցիոն գործունեություն կամ հանդիսացել են նման գործունեության հովանավոր:
Երկրի բնական ռեսուրսների օգտագործման նկատմամբ ժողովրդի ինքնուրույնությունը պաշտպանող ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի խախտումները կարող են հինավորում լինել այդ ռեսուրսների, ստրատեգիական ենթակառուցվածքների համակարգերի և օբյեկտների օգտագործման վերաբերյալ’ բոլոր պայմանագրերի և համաձայնագրերի վերանայման համար: Նման խախտումները կարող են նաև հիմք հանդիսանալ վերանայելու համար արտաքին վարկատուների հետ կնքված պայմանագրերը:
2. Ազգի ներսում պառակտումը վերացնելու համար Հանրապետության Նախագահը պարտավոր է քաղաքական ուժերի հետ միասին.
– հաստատել ազգային եկամտի արդարացի բաշխում,
– ապահովել պայմաններ քաղաքացիների արժանապատիվ կյանքի համար,
– հասնել համազգային միավորման:
2.1. Ազգային եկամուտն արդար բաշխելու համար պետության տնտեսականքաղաքականությունը պետք է հիմնվի հետևյալ սկզբունքների վրա.
– ընդերքը և չվերականգնվող բնական ռեսուրսները հավասարաչափ պատկանում են ներկա և ապագա սերունդներին, այդ պատճառով ընդերքի և չվերականգնվող բնական ռեսուրսների շահագործումից ստացված ազգային եկամուտը չպետք է դուրս հանվի պետության սահմաններից և բնական ռեսուրսների արդյունահանման արդյունքին համարժեք պետք է կուտակվի որպես ազգային պաշար’ ոսկե կամ այլ ստրատեգիական պահուստների տեսքով,
– աղքատները չպետք է հարուստներին հավասար հարկեր վճարեն, և քանի դեռ երկրում կա աղքատություն, պետությունը չի կարող հարկել բնակչության սպառողական ծախսերը (ավելացված արժեքի հարկ, շրջանառության հարկ), բացառությամբ պերճանքի
առարկաների, ալկոհոլային ապրանքների և ծխախոտի,
– հասարակության տնտեսական գործունեության նպատակն իր նյութական պահանջների բավարարումն է, այդ իսկ պատճառով պետությունը պարտավոր է երաշխավորել յուրաքանչյուր մարդու արդար վարձատրություն և աշխատանքի նորմալ պայմաններ,
ինչպես նաև’ ապահովել միատեսակ պայմաններ աշխատանքային ավելի բարձր աստիճանի առաջ քաշման համար’ բացառապես աշխատանքային ստաժի և որակավորման հիման վրա,
– հասարակությունն ընդունում է տնտեսական գործունեությունից շահույթ ստանալու մասնավոր ձեռնարկատերերի իրավունքը, երբ մասնավոր ձեռնարկատերերն էլ ընդունում են կայուն զարգացման համար հասարակության առջև իրենց պատասխանատվությունը,
այդ պատճառով մասնավոր ձեռնարկատերերի համար ազգային վարկային ռեսուրսների հասանելիությունը պետք է ուղիղ համեմատական լինի շահույթի այն ծավալին, որը նրանք ուղղում են իրենց ձեռնարկությունների զարագացմանը կամ ավանդադրում են ազգային զարգացման ֆոնդերում,
– արտադրական ռեսուրսների ճակատագիրը չի կարող կախված լինել մարդկանց նեղ խմբի կամքից, այդ պատճառով խոշոր ձեռնարկություններն անպայման պետք է լինեն կոլեկտիվ սեփականություն, իսկ քաղաքացիները պետք է ունենան առաջնահերթ հնարավորություն իրենց խնայողությունները ներդնելու ազգային բաժնետիրական ընկերություններում, որոնց գործունեությունը պետք է լինի պետության և հասարակության հսկողության ներքո:
Զարգացման իրավունքը մարդու անքակտելի իրավունքն է, որով յուրաքանչյուր ոք և բոլոր ժողովուրդներն իրավունք ունեն մասնակցել այնպիսի տնտեսական, սոցիալական, մշակութային և քաղաքական զարգացման, որի դեպքում կարող են լիովին իրականանալ
մարդու բոլոր իրավունքներն ու հիմնարար ազատությունները, ինչպես նաև աջակցել այդ զարգացմանը և օգտվել դրա բարիքներից (Զարգացման իրավուքի մասին ՄԱԿ հռչակագիր, 1980 թ.): Հանրապետության Նախագահը պետք է իշխանության մարմինների
գործունեությունն այնպես ուղղորդի, որ պետության տնտեսական քաղաքականության սկզբունքները լիովին ծառայեն յուրաքանչյուր քաղաքացու զարգացման իրավունքիիրականացմանը:
2.2. Քաղաքացիների արժանապատիվ կյանքի համար պայմաններ ապահովելու նպատակով անհրաժեշտ է կենտրոնացնել պետության, մասնավոր կապիտալի սեփականատերերի և ամբողջ հասարակության ջանքերը: Դրա համար 2013 թվականին
Հայաստանում պետք է մշակվի և իրագործվի “2014-2020 թվականների ազգային զարգացման յոթնամյա ծրագիր”, որն անպայման պետք է բովանդակի հետևյալ նպատակները.
– ավելացնել բնակչության թիվը մինչև չորս միլիոն մարդ,
– հասցնել տարեկան համախառն ազգային եկամուտը մինչև 60 միլիարդ ԱՄՆ դոլարի,
– ապահովել աշխատունակ բնակչության լրիվ զբաղվածություն,
– ապահովել քաղաքային բնակարաններով և աշխատանքով քաղաքներում բնակչության 90 տոկոսին,
– բժշկական բոլոր ծառայությունները դարձնել հասանելի ամբողջ բնակչության համար,
– կարիքավոր բնակչության բոլոր կատեգորիաները ներառել արդյունավետ սոցիալական պաշտպանվածության ծրագրերում,
– երաշխավորել բարձրագույն կրթության հասանելիությունը,
– ապահովել անհրաժեշտ պայմաններ բնակչության մշակութային զարգացման համար,
– հասնել լիարժեք պարենային անվտանգությանը,
– ամբողջությամբ փոխարինել ներմուծվող սպառողական ապրանքները և ծառայությունները ազգային արդյունաբերության արտադրանքով,
– ստեղծել գիտատեխնիկական բազա ազգային նորարարական տնտեսության զարգացման համար,
– ընդլայնել անտառածածկույթի մակերեսը մինչև երկրի տարածքի 25 տոկոսը,
– ստեղծել ամբողջովին պրոֆեսիոնալ բանակ,
– ստեղծել Ազգային Գվարդիա’ որպես Զինված Ուժերի մշտապես գործող պահեստազոր,
– կազմակերպել զենքի ու զինամթերքի հայրենական արտադրություն:
Ազգային զարգացման յոթնամյա ծրագիրը պետք է դառնա պետական, մասնավոր և հասարակական ներդրումների, արտադրության ծավալների, գնագոյացման մեխանիզմների և այլ տնտեսական լուծումների համաձայնեցված ծրագիր, որը հնարավորություն կտա միավորել պետության և մասնավոր ձեռնարկատերերի ջանքերը’ հասնելու Հայաստանի լրիվ տնտեսական անկախության և ապահովելու արժանապատիվ կյանք երկրի բնակչության համար: Հանրապետության Նախագահը պարտավոր է ապահովել իշխանության մարմինների, պետական հաստատությունների, մասնավոր ձեռնարկատերերի և հասարակության անհրաժեշտ փոխհամագործակցությունը’ 2013 թվականի ընթացքում այս ծրագրի բոլոր մանրամասների մշակման և համաձայնեցման
համար:2.3. Համազգային միասության հասնելու համար անհրաժեշտ է ստեղծել համազգային իրավական դաշտ, որում սահմանված կլինեն համայն հայության բոլոր հատվածերի իրավունքներն ու պարտականությունները միմյանց նկատմամբ: Այդ նպատակով
Հայաստանը պետք է օրինականացնի իր հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հետ և ճանաչի Սփյուռքի քաղաքական կարգավիճակը:
1991 թվականի հոկտեմբերին Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Խորհուրդը, հակառակ օրենքի գերակայության սկզբունքի, ընդունեց Սահմանադրական ակտ Ադրբեջանի պետական անկախության մասին: Ընդ որում, Ադրբեջանի Հանրապետության իշխանություններն
– ինքնակամ ճանապարհով քաղաքացիությունից զրկեցին Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրող ԽՍՀՄ քաղաքացիներին,
– խախտեցին նրանց քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները, այդ թվում’ ԽՍՀՄ օրենսդրությամբ պաշտպանված, իր պետա-իրավական կարգավիճակն ինքնուրույն որոշելու ԼՂԻՄ բնակչության և իր բնօրրանում համահավաք ապրող բնիկ հայ բնակչության իրավունքները,
– զրկեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ինքնորոշման իրավունքի իրականացումից, լուծարեցին ԼՂԻՄ-ը, շրջափակեցին Լեռնային Ղարաբաղը և ուժ կիրառեցին ազատության ու անկախության համար պայքարող նրա բնակչության նկատմամբ:
Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը քաղաքական սուբյեկտ է, որի իրավունքները ճանաչված չեն որևէ պետության կողմից: Հայաստանը, ինչպես և յուրաքանչյուր պետություն, պարտավորություն ունի օգնություն ցուցաբերել այն ժողովուրդներին, որոնք ձգտում են հասնել իրենց ինքնորոշման իրավունքի ճանաչմանը:
Այդ պատճառով, ոչ մի պետություն չի կարող վիճարկել Հայաստանի իրավունքը’ հանդես գալ որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր: Ըստ այդմ, Հայաստանն իրավունք ունի և պարտավոր է օրինականացնել իր հարաբերությունները ԼՂՀ
հետ: Իրավական կարգավիճակի ճանաչված լինելու յուրաքանչյուր մարդու իրավունքը ճանաչված է յուրաքանչյուր պետության կողմից: ԼՂՀ քաղաքացիների իրավական կարգավիճակի, ինչպես նաև’ նրանց անքակտելի իրավունքների և ազատությունների
ճանաչումը Հայաստանի համար հանդիսանում է միջազգային իրավունքի համաձայն իր պարտավորությունների կատարում:
Հայաստանից բացի, այլ պետություններ ևս, օրինակ ԱՄՆ-ն, օգնություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղին և դա անում են բաց ու օրինական: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության միջև հարաբերությունների չօրինականացվածությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը: Հետևաբար, այդ հարաբերությունների օրինականացումը հնարավորություն կտա վերացնել
համազգային նշանակություն ունեցող հարցում հակասահմանադրական դրությունը և ստեղծել իրավական դաշտ, որը կորոշակիացնի Հայաստանի և ԼՂՀ փոխհարաբերություններում միմյանց իրավունքներն ու պարտականությունները:
Հանրահայտ է, որ Օսմանյան Կայսրությունը 1918 թվականին պարտություն կրեց Առաջին համաշխարհային պատերազմում: Հաղթող տերությունները Հայաստանը ճանաչեցինանկախ պետություն: Նրանք պահանջեցին Թուրքիայից և Հայաստանից’ Էրզրումի,
Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում հայ-թուրքական սահմանի հաստատման, այդ սահմանին հարող օտտոմանյան տարածքի ապառազմականացման և Հայաստանին դեպի ծով ելք տրամադրելու մասին հարցերը փոխանցել միջնորդ կողմի’ Միացյալ
Նահանգների նախագահի որոշմանը: 1920 թվականին Թուրքիան ուժով ստիպեց Հայաստանին ճանաչել իր այսօրվա սահմանը և հրաժարվել իր անկախությունից:
Սփյուռքի մեծ մասը 1915 թ. Օսմանյան Կայսրության կողմից զանգվածային բնաջնջումից վերապրած հայերի ժառանգներն են: Օսմանյան Կայսրությունում հայերը համարվում էին այդ պետության բնիկ ժողովուրդը: Այսօր Օսմանյան Կայսրության հայերի ժառանգները տիրապետում են համընդհանուր ճանաչված բնիկ ժողովուրդների իրավունքներին: Հայաստանի Հանրապետությունն ունի քաղաքական, բարոյական և իրավական պարտավորություն’ հարգել Օսմանյան Կայսրության հայերի ժառանգների իրավունքները:
Ըստ այդմ, Հայաստանը պետք է ընդունի, որ Օսմանյան Կայսրության հայերի ժառանգների օրինական իրավունքներին վերաբերող Հանրապետության իշխանությունների որևէ որոշում առանց այդ ժառանգների օրինական ներկայացուցիչների կողմից հաստատման չի
կարող իրավական ուժ ունենալ: Դրա համար Հայաստանը պարտավոր է ճանաչել իր պատվիրակներին ընտրելու Սփյուռքի իրավունքը և հնարավորություն տա Հայաստանում ստեղծելու Սփյուռքի ներկայացուցչություն:
Հանրապետության Նախագահը պարտավոր է ապահովել քաղաքական ուժերի համագործակցությունն այնպիսի անհրաժեշտ պետական որոշումներ կայացնելիս, որոնք թույլ կտան ստեղծել համազգային իրավական դաշտ և հավասար հնարավորություն
համայն հայության բոլոր մասերի օրինական շահերը պաշտպանելու համար:
3. Պետության արտաքին և ներքին գործերում կարգ հաստատելու համար Հանրապետության Նախագահը պարտավոր է իր անմիջական գործունեությամբ.
– պաշտպանել ազգային շահերը միջազգային հարաբերություններում,
– երաշխավորել հասարակությանը արդարացի իրավակարգի հաստատում,
– ամրացնել երկրի անվտանգությունը:
3.1. Հայաստանի ազգային շահերը միջազգային հարաբերություններում պաշտպանելու համար Հանրապետության Նախագահը պարտավոր է ձևավորել ԵԱՀԿ մասնակից-պետությունների մոտ հստակ պատկերացում, որ Թուրքիայի հետ հարաբերությունների
հաստատման և Ադրբեջանի հետ խաղաղության մասին պայմանագրերը չեն կարող ձեռք բերվել այնպիսի փոխզիջման ճանապարհով, որը հիմնված է Հայաստանի կողմից այդ պետությունների այն ինքնիշխան իրավունքների ճանաչման վրա, որոնք իրենք զավթել են
ուժի միջոցով 1920 և 1991 թվականներին’ոտնահարելով միջազգային իրավունքի նորմերը:
Հակամարտության արդար կարգավորումն այժմ անհնար է ԵԱՀԿ հովանու ներքո վարվող բանակցություններում, քանի որ ի սկբանե Ադրբեջանը անօրինաբար իրեն է վերագրել ինքնիշխան իրավունքներ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որոնց տիրապետումն իրհամար անհնար է ըստ միջազգային իրավունքի: Պետական իշխանության այս բռնազավթումը մոլորեցրել է ադրբեջանական ժողովրդին, հանգեցրել պատերազմի և այժմ լուրջ խոչընդոտ է հանդիսանում մեր ժողովուրդների միջև խաղաղության վերականգնման
համար:
Որպեսզի ԵԱՀԿ սկզբունքներն ու նորմերը կիրառելի լինեն հակամարտությունը կարգավորելու համար, Ադրբեջանը պետք է չեղյալ հայտարարի իր ազգային իրավական ակտերի այն դրույթները, որոնք հակասում են միջազգային իրավունքին և խախտում են
Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության օրինական իրավունքները: Սա վերաբերում է Ադրբեջանի այն պետական որոշումներին, որոնք ժխտում են Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից իր քաղաքական կարգավիճակն ինքնուրույն որոշելու ԽՍՀՄ
օրենսդրությամբ պահպանված իրավունքը:
Հանրահայտ է, որ անցյալ դարի սկզբին Թուրքիան ուժի գործադրմամբ զավթել է ինքնիշխան իրավունքներ հայ ժողովրդի պատմական Հայրենիքի նկատմամբ: Այսօր Հայաստանը և Թուրքիան, ՄԱԿ կանոնադրության համաձայն, պարտավոր են համագործակցել միջազգային հարաբերությունների տարբեր ոլորտներում’խաղաղության, անվտանգության, միջազգային տնտեսական կայունության և առաջընթացի, ժողովուրդների ընդհանուր բարեկեցության և խտրականությունից զերծ միջազգային համագործակության նպատակով: Այս առումով առկա է 3 հանգուցային հարց, որոնց վերաբերյալ Հայաստանը և Թուրքիան պետք է համաձայնության գան, որպեսզի իրենց հարաբերությունները համապատասխանեցնեն միջազգային իրավունքի պահանջներին:
Առաջին՝ Հայաստանը կարող է համաձայնել Թուրքիայի հետ ազգամիջյան հաշտեցմանն ուղղված միջկառավարական համագործակցության, եթե Թուրքիան ընդունի, որ Օսմանյան Կայսրությունում հայերի ոչնչացումը և տեղահանումը հանդիսացել է
հանցագործություն մարդկության դեմ, ինչպես նաև ներողություն խնդրի այդ պետական քաղաքականության զոհերի ժառանգներից’ ցեղասպանության փաստի հերքմանն ուղղված իր գործողությունների համար:
Երկրորդ՝ Հայաստանը կարող է Թուրքիայի հետ պայմանագիր կնքել գոյություն ունեցող սահմանների անխախտելիության մասին, եթե Թուրքիան ընդունի, որ անցյալում Հայաստանը բռնի ուժի գործադրման արդյունքում զրկվել է անկախությունից ու իր միջազգայնորեն ճանաչված տարածքից և, համաձայն 1982 թվականին ՄԱԿ ընդունած ծովային իրավունքի կոնվենցիայի, Հայաստանին տրամադրի երաշխավորված ելք դեպի ծով և տարանցիկության ազատություն:
Երրորդ՝ Հայաստանը կարող է բարեկամության և համագործակցության հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, եթե Թուրքիան ընդունի, որ Օսմանյան Կայսրությունից տեղահանված հայ փախստականների ժառանգները կարող են վերադառնալ իրենց պատմական Հայրենիք’ անվտանգության և արժանապատվության հարգանքի պայմաններում, որպեսզի լիովին օգտվեն բնիկ ժողովրդի բոլոր իրավունքներից, ներառյալ’ ինքնորոշման իրավունքը, “Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին” 2007 թ. ընդունված ՄԱԿ հռչակագրի դրույթներին համապատասխան:3.2. Հասարակությանն արդար իրավակարգ երաշխավորելու համար Հանրապետության
Նախագահը պարտավոր է բարեփոխել իրավապահ մարմինների և դատական համակարգի աշխատանքը: Դրա համար անհրաժեշտ է, որ իրավապահ մարմիններում և դատական համակարգում աշխատեն Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր իրենց
գործողություններում ղեկավարվում են բացառապես օրենքի գերակայության սկզբունքով և կոմպետենտ են օրենքի կիրառման հարցերում:
Հանրապետության Նախագահն իրավունք ունի հսկողություն իրականացնել իրավապահ մարմինների և դատական համակարգի գործունեության նկատմամբ: Այս մարմիններում այսօր աշխատում է մի քանի հազար մարդ, որոնց մեծ մասի գործունեությունը չի
համապատասխանում անհրաժեշտ չափանիշներին: Հասարակությունը կարող է վստահել պետությանը միայն այն դեպքում, երբ ոստիկանի, քննիչի, դատախազի, դատավորի պաշտոնները զբաղեցնեն այնպիսի անձինք, որոնց ազնվությունը և պրոֆեսիոնալիզմը
որևէ կասկած չեն հարուցում:
Վերոնշյալ բոլոր պաշտոնյաները պետք է անցնեն ազնվության ստուգում հատուկ տեխնիկական միջոցների օգնությամբ: Նրանցից յուրաքանչյուրի անհատական գործունեությունը պետք է ստուգվի և ներառվի տվյալների հատուկ բազայում: Ելնելով այն բանից, թե ինչ որոշումներ են կայացրել այդ պաշտոնյաները և ինչպիսին է այդ որոշումների հետագա ճակատագիրը, կգնահատվի նրանց համբավը: Պաշտոնյաների գիտելիքը բացահայտելու նպատակով պետք է համակարգված անցկացվեն որակավորման ստուգումներ, որոնց արդյունքները կլինեն նրանց պաշտոնեական առաջընթացի միակ չափանիշը: Այս պաշտոնյաների աշխատանքի արդյունքը պետք է գտնվի մշտական վերահսկողության ներքո’ տվյալների ավտոմատ հավաքման և պահպանման համակարգի միջոցով:
Հանրապետության նախագահը պարտավոր է ապահովել իրավապահ մարմինների և դատական համակարգի պաշտոնյաների գործունեության մշտական վերահսկողության մեխանիզմի կայուն աշխատանքը:
3.3. Երկրի անվտանգությունն ամրապնդելու նպատակով Հանրապետության Նախագահը պարտավոր է բարձրացնել պետության պաշտպանունակության աստիճանը և հետախուզական ծառայությունների աշխատանքի արդյունավետությունը: Դրա համար
անհրաժեշտ է.
– կարճ ժամկետում բարելավել բարոյական մթնոլորտը Զինված Ուժերի շարքերում,
– բարձրացնել պրոֆեսիոնալիզմի աստիճանը զինված ուժերի անձնակազմի շարքերում,
– բարձրացնել պահեստազորի և քաղաքացիական պաշտպանության որակը,
– պայմաններ ստեղծել հետախուզական գործունեության հնարավորությունների ընդլայնման համար:
Հանրապետության Նախագահը պարտավոր է ամենշաբաթյա այցեր կատարել զորամասեր և ժամանակ անցկացնել անձնակազմի հետ’ հնարավորություն ստեղծելով սպաների ևզինվորների հետ ուղղակի և անմիջական շփումների: Բանակի մարտունակության
բարձրացման նպատակով, անձնակազմի դիտողությունների և առաջարկությունների հիման վրա պետք է վերանայվեն և բարեփոխվեն բանակի գործունեությունը և ներքին կյանքը կարգավորող զինվորական կանոնադրությունները: Մարտական պատրաստության տեսանկյունից բոլոր առանցքային զինվորական պաշտոնները’ զրահատեխնիկայի, հրետանու, ռմբակոծիչների, հակատանկային համակարգերի անձնակազմերը, ՀՕՊ համակարգը և այլք պետք է համալրվեն պայմանագրային հիմունքներով ներգրավված ռազմական մասնագետներով: Նաև, բացառապես պայմանագրային հիմունքներով պետք է համալրվեն սերժանտական պաշտոնները:
Սերժանտական ինստիտուտի դերը պետք է էապես ամրապնդել: Սերժանտական կազմի հեղինակությունը բարձրացնելու նպատակով պետք է ստեղծել Զինված Ուժերի Գլխավոր Սերժանտի պաշտոն: Պահեստազորի և քաղաքացիական պաշտպանության
կազմակերպումը լավագույնս իրականացնելու նպատակով պետք է որակապես բարեփոխել Զինված Ուժերի, պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների միջև գործողությունների համակարգումը:
Ազգային հետախուզական ծառայությունը պետք է ապահովված լինի անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցներով, որը հնարավորություն կտա ընդլայնել պոտենցիալ հակառակորդի մտադրությունների և գործողությունների մասին երկրի ղեկավարության և
բանակի տեղեկացվածության աստիճանը:
Հանրապետության Նախագահը պարտավոր է ծառայել հասարակությանը որպես համազգային ուժերի համակարգող այնպես, որ երկու տարվա ընթացքում մենք կարողանանք հաստատել.
– նոր քաղաքական կարգ պետության մեջ, որը երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը, արժանապատիվ գոյությունը և զարգացման հնարավորությունը,
– նոր տնտեսական կարգ երկրում, որը երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը ազգային եկամտի ստեղծմանը և իր բաժնեմասի արդար տիրապետումը՝ ներդրածին համապատասխան,
– նոր միջազգային կարգ տարածաշրջանում, որը երաշխավորում է յուրաքանչյուր հային պաշտպանություն ռասսայական խտրականությունից և հնարավորություն է ստեղծվում նրա խախտված իրավունքների վերականգնման համար: