ԱԺ արտահերթ նիստը բոյկոտած պատգամավորները բոյկոտել են նաև էթիկայի հանձնաժողովի հրավերը
Նմանատիպ
Ազգային ժողովի նոյեմբերի 21-ի արտահերթ նիստը բոյկոտած պատգամավորներն այսօր բոյկոտեցին նաև Էթիկայի հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հրավերը, տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը:
Հանձնաժողովը նախօրոք գրավոր ծանուցել էր Ազգային ժողովի նոյեմբերի 21-ի արտահերթ նիստին չգրանցված 83 պատգամավորներից 17-ին’ այսօր ժամը 10-ից 13-ը, 10 րոպե պարբերականությամբ, յուրաքանչյուրին որոշակի ժամին հրավիրելով հանձնաժողովի նիստին’ պարզաբանումներ տալու նպատակով:
«Ես ուզում եմ ընդգծել, որ Էթիկայի հանձնաժողովի գործառույթն է այս հնարավորությունը ստեղծելը: Պատգամավորները կօգտվեն այդ հնարավորությունից, թե’ ոչ, դա իրենք են որոշում: Այսինքն’ ԱԺ կանոնակարգ-օրենքում որևէ պարտադրող կետ չկա, որ պարտավորություն լինի պատգամավորների նկատմամբ այս նիստին ներկայանալը»,-հայտնեց հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը’ հավելելով. «Մեր խնդիրը մեր գործողություններն օրենքի տառին և ոգուն համապատասխան կազմակերպելն է»:
Էթիկայի հանձնաժողովը փետրվարի 1-ի դռնփակ նիստում քննարկելու է 2012թ.-ի դեկտեմբերի 7-ից իր վարույթում գտնվող’ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիմումը և որոշում է կայացնելու: Հանձնաժողովը պետք է որոշի, թե նոյեմբերի 21-ին հրավիրված ԱԺ-ի արտահերթ նիստին չգրանցված 83 պատգամավորների կողմից խախտվել են ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված էթիկայի կանոնները, թե’ ոչ: Որոշում կայացնելու նպատակով հանձնաժողովը մինչ այդ’ հունվարի 21-ից մինչև 25-ը կգումարի նիստեր’ պարզաբանումներ լսելու այն պատգամավորներից, ում վերաբերվում է դիմումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում