Նրանք սահմանեցին բարոյական այնպիսի բարձրագույն նշաձող, որն անհնար է լինելու շրջանցել.Նախագահ ( լուսանկարներ)
Նմանատիպ
Հանրապետության տոնի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում 2016 թվականի ընթացքում մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների, կամավորների, աշխարհազորայինների և պահեստազորայինների ընտանիքների անդամներին հանձնել է Հայրենիքի առջև իրենց ծառայողական պարտքը կատարելիս անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսներին հետմահու շնորհված պետական բարձրագույն պարգևները և իր խոսքում ընդգծել, որ երախտապարտ սերունդները մշտապես հիշելու են նրանց, ինչպես մենք ենք այսօր հիշում գրեթե հարյուր տարի առաջ նահատակված քաջերին:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը պետական բարձրագույն պարգևների հանձնման ժամանակ
Վեհափա՛ռ Տեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Որպես կանոն նման դեպքերում ես իմ խոսքը սկսում եմ «Սիրելի՛ պարգևատրվողներ» արտահայտությամբ: Բայց այսօր առանձնահատուկ դեպք է: Մեր սիրելի և ամենաթանկ պարգևատրվողները մեզ հետ չեն: Նրանք պարգևատրվում են հետմահու: Պիտի խոստովանեմ, որ հոգեբանորեն սա ամենածանր պարտականություններից է, որ ես պարբերաբար կատարում եմ:
Մեր հերոս որդիներն ու եղբայրներն ընկան հանուն իրենց հարազատների, հանուն մեզ բոլորիս, հանուն Հայաստանի և հայության խաղաղ ու հավերժ ընթացքի: Ճակատագրական պահին նրանք կատարեցին իրենց ընտրությունը: Նրանք ընտրեցին ազատությունն ու արժանապատվությունը: Նրանցից շատերը երիտասարդ էին, շատ երիտասարդ: Բայց նրանց ընտրությունն ու վարքը հասուն էին այնքան, որ ավելի հասուն դարձրեցին մի ամբողջ հասարակություն: Նրանք մի քանի օրում աշակերտից դարձան ուսուցիչներ և դարձան Հայոց անկախության նոր սերնդի ջահակիրներ: Նրանք սահմանեցին բարոյական այնպիսի բարձրագույն նշաձող, որ այսուհետ անհնար է լինելու շրջանցել: Նրանք իրենց կյանքով ու սխրանքով մարմնավորում են Հայաստանի քաղաքացու և հայ զինվորի պատվի վարքականոնը, որ այսուհետ անհնար է լինելու շրջանցել: Անհնար է լինելու, որովհետև նրանք ներկա են այստեղ, ներկա են մեր մեջ և մեր շուրջը: Ավելի ներկա են և ավելի մեծ գործ են անում, քան առանձին «ներկա» ստացողներ: Այդ պատճառով էլ թույլ տվեք, այնուամենայնիվ դիմել նրանց և ասել.
Սիրելի՛ պարգևատրվողներ,
Շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու առթիվ: Նաև շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ: 1918 թվականի հերոսամարտերում ընկան ձեզ նման քաջեր, որպեսզի հայությունը ապրի, որպեսզի Հայաստանը լինի: Եվ Հայաստանը կայացավ: Մեզ համար դուք նույն Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսներն եք: Հարյուր տարի հետո էլ երախտապարտ սերունդները ձեզ հիշելու են, ինչպես մենք ենք այսօր հիշում գրեթե հարյուր տարի առաջ նահատակված քաջերին:
Սիրելի՛ պարգևատրվողներ,
Ննջե՛ք խաղաղությամբ և հաստատ իմացե՛ք, որ մենք ձեզնով ենք ազգ, ձեզնով ենք երկիր և նույնիսկ ձեզնով ենք մարդ: Դա գիտակցում է և չի մոռանալու մեր ժողովրդի յուրաքանչյուր սերունդ: Դուք մեզ թողեցիք մեծ ցավ, բայց նաև մեծ հպարտություն և պատգամ: Մենք խոնարհվում ենք ձեր արածի առջև և խոստանում ենք, որ ձեր չարած բարի գործերը մենք անելու ենք կրկնապատկված ջանքով»:
****
Արարողության կապակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր Հայրապետական պատգամն է բերել ներկաներին և աղոթք հնչեցրել:
Միջոցառման ավարտին Հանրապետության Նախագահը խնդրանքով դիմել է արարողության մասնակիցներին:
«Վեհափառ Տե՛ր,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Այս դահլիճում ներկա երիտասարդ զինվորականները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտներ են: Ես հատուկ խնդրել եմ նրանց, որպեսզի գան այս դահլիճ ոչ միայն նրա համար, որ մասնակցեն պարգևատրման արարողությանը, այլ որպեսզի արարողությունից անմիջապես հետո մոտենան, ծանոթանան ձեզ հետ, կապ հաստատեն և իրենց ծառայության ողջ ընթացքում փորձեն լինել ձեր կողքին, ձեր ընտանիքների կողքին, հանդիսանան կապող օղակ ձեր ընտանիքների և հայկական բանակի միջև:
Սպայի համար չափազանց կարևոր է, որպեսզի լինի մեր հերոս զոհված զինվորների ընտանիքների կողքին, որպեսզի հասկանա որդեկորույս ծնողի ցավը, հասկանա ընտանիքի որդու գինը, հասկանա զինվորի արժեքը: Այն զինվորի, որի հրամանատարն է լինելու որոշ ժամանակ հետո, նրանց առաջնորդելու է զորանոցներում, մարտական դիրքերում, որի համար պատասխանատու է լինելու և պատասխանատու է լինելու նրան կոփելու, մարտական պատրաստությունը բարձրացնելու և նրա հետ միասին հայրենիքը պաշտպանելու համար:
Խնդրում եմ՝ այս արարողությունից անմիջապես հետո փորձեք օգտվել այս հնարավորությունից: Ինչ-որ տեղ ես նաև հույս եմ փայփայում, որ նրանք կարող են որոշ չափով ձեզ սփոփել: Շնորհակալ եմ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում