Քարոզարշավը շարունակվում է. Ի՞նչ է նախատեսված 2-րդ օրը

Այսօր նախագահական ընտրությունների քարոզարշավի 2-րդ օրն է: Առաջին օրը թեկնածուներից միայն երեքը՝ Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Հրանտ Բագրատյանը հանդիպում ունեցան ընտրողների հետ:

Panorama.am-ի փոխանցմամբ՝ այսօր թեկնածուներից երեքը՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը հանդես կգան մամուլի ասուլիսով:

Քաղաքացիական ազգային նախաձեռնության գրասենյակում (ՔԱՆ) նախասրահում տեղի կունենա Րաֆֆի Հովհաննիսյանի www.raffi4president.am պաշտոնական կայքէջի շնորհանդեսը: Իսկ Անդրաս Ղուկասյանը պատրաստվում է շարունակել իր հացադուլը՝ ԳԱԱ դիմաց:

Ինչպես արդեն հաղորդել ենք, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն այսօր քարոզարշավի է մեկնել Սյունիքի մարզ: Հունվարի 22-23-ին նա հանդիպումներ կունենա մարզի մի շարք քաղաքային և գյուղական համայնքների, այնուհետև կայցելի Վայոց Ձոր:

Այսօր որևէ հրապարակային միջոցառում չեն նախատեսել «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը և անկուսակցական Վարդան Սեդրակյանը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում