Սահմանամերձ Շիրակավանն արդեն եկեղեցի ունի

Սահմանամերձ Շիրակավանն արդեն եկեղեցի ունի

Երկար տարիների սպասումից հետո շիրակավանցիներն արդեն եկեղեցի ունեն: Հունիսի 4-ին Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Շիրակավան համայնքում ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օծվեցին նորակառույց եկեղեցու 4 սյուները, մկրտության ավազանն ու սուրբ սեղանը: «Սուրբ Աստվածածին» եկեղեցում այսուհետ աղոթք կհնչի, մկրտության ու սուրբ պսակի արարողություն կկատավի, իսկ ամենակարևորը սահմանամերձ գյուղին նայող թուրքական գյուղում լսելի կլինեն առաքելական եկեղեցու զանգի ղողանջները:

Շիրակավան համայնքը երկար տարիներ եկեղեցի չի ունեցել: Համայնքի բնակիչներն իրենց մոմերը վառել ու աղոթել են գյուղի մատուռներում: Գյուղում եկեղեցի կառուցելու նպատակով համայնքապետարանը Շիրակի թեմին հատկացրել է մոտ 1200ք/մ հողատարածք, իսկ եկեղեցին կառուցելու նախաձեռնությունն իրենց վրա են վերցրել ծնունդով շիրակավանցի մոսկվաբնակ Թավրիզյան եղբայրները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակավան համայնքի ղեկավար Մարատ Մկրտչյանը, գյուղը եկեղեցի ունեցել է մինչև Ախուրյանի ջրամբարի կառուցումը, որի պատճառով գյուղը 1820 թվականին տեղափոխվել է, բնակիները վերաբնակեցվել մի փոքր հեռու: Սակայն, առանց ուշադրության դարձնելու, ջրամբարը կառուցվել է` 17-րդ դարի եկեղեցին թողնելով իր նախկին տարածքում: Այսպես եկեղեցին հայտնվել է ջրի տակ: Երկար տարիներ, ասում են, որ ջրամբարի տակից եկեղեցու քարերը լույս են տվել: Քարերը տարիներ առաջ դուրս են բերվել ջրից` եկեղեցի կառուցելու նպատակով, բայց այդպես էլ տարիներ շարունակ չի հաջողվել կառուցել եկեղեցին՝ մինչեւ այս նախաձեռնությունը: Հենց այդ նույն քարերն էլ օգտագործվել են նոր եկեղեցու շինարարության ժամանակ:

Մոսկվայում բնակվող Թավրիզյան եղբայրները գյուղում եկեղեցի կառուցելն իրենց առաքելություն են համարել երկար տարիներ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արման Թավրիզյանը, իրենց Մարիամ մայրը, ով հիմա կենդանի չէ, երկար տարիներ անկողնային հիվանդ է եղել: Եկեղեցին էլ եղբայրնեը կառուցել են իրենց ծնողների ու հատկապես բարեպաշտ ու հավատացյալ մոր՝ գյուղում եկեղեցի ունենալու երազանքն ի կատար ածելու փափագով:

Եկեղեցու օծման ու օրհնության արարողությանը ներկա էին Շիրակի մարզպետը, բարերարները, հյուրեր ՌԴ-ից, սահմանապահ ջոկատի հրամանատարությունից: «Հրճվանքի պահ ենք ապրում այս պատմական իրադարձության ժամանակ: Ամեն գյուղ, որ եկեղեցի չունի ու եկեղեցի է կառուցում, ամենանշանակալից իրադարձությունն է այդ գյուղի կյանքում, քանի որ ինչպես մարդը, եթե հոգի չունի՝ անկենդան է, այնպես էլ յուրաքանչյուր համայնք, եթե եկեղեցի չունի, կարող է կենդանության նշաններ ցույց տալ, բայց հոգու նշաններ ցույց չի տալիս: Այս գյուղն այսօր հոգի ունեցավ, մինչ այս միայն ֆիզի կապես գոյություն ուներ, այսօր արդեն` հոգևոր գոյություն»,– նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը՝ հույս հայտնելով, որ եկեղեցին զորավոր կլինի, իսկ զորավոր լինելու համար սրբազանը պատգամեց շիրակավանցիներին միշտ եկեղեցի հաճախել, բարի կամք ունենալ ու աղոթք բարձրացնել առ Աստված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում