ԵԱՏՄ երկրները պետք է օգտագործեն Հայաստանը Իրանի և Վրաստանի շուկաներ մուտք գործելու համար. Մարտին Սարգսյան

ԵԱՏՄ երկրները պետք է օգտագործեն Հայաստանը Իրանի և Վրաստանի շուկաներ մուտք գործելու համար. Մարտին Սարգսյան

Առևտրարդյունաբերական պալատն աշխատանքներ է տանում լոգիստիկ բիզնեսներ ստեղծելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պալատի նախագահ Մարտին Սարգսյանը՝ անդրադառնալով ռուս փորձագետի բարձրացրած հարցին, որ լոգիստիկ օպերատորների բացակայությունը դժվարացնում է Ռուսաստանի մի շարք շրջաններից ապրանքերի տեղափոխումը Հայաստան: «Շատ ճիշտ հարց բարձրացվեց: Ռուս գործարարները, ովքեր ուզում են մտնել Իրանի շուկա (ռուսները իրանցիների հետ բանակցելու խնդիր ունեն), կարող են օգտվել հայերի ծառայությունից: Այստեղ հայերը շատ առաջ են գնացել ու նման լոգիստիկ կենտրոններ, կազմակերպություններ ստեղծելու պայմաններում, կարող են դառնալ միջնորդ»,- նշեց Մարտին Սարգսյանը:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ կամրջող օղակ կարող է հանդիսանալ Եվրասիական տնտեսական միության երկրների ու երրորդ երկրների միջև՝ այդ թվում՝ Վրաստանի հետ:

Հունիսի 4-ին Ծաղկաձորում մեկնարկել է «Եվրասիական Տնտեսական Միություն. Հայաստան-համագործակցություն» ամենամյա տնտեսական ֆորումը, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Յակուտիայի առևտրաարդյունաբերական պալատների պատասխանատուներ, տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ:

Անդրադառնալով փաստին, որ ֆորումին չի ներկայացել Ղազախստանի պատվիրակությունը՝ Մարտին Սարգսյանը նշեց, որ բոլորին ուղարկվել է հրավեր և հույս հայտնեց, որ հաջորդ անգամ նրանք ևս կմասնակցեն: «Բիզնեսի մեջ քաղաքականություն, իհարկե, կա, բայց այն չափով չէ, որ արդյունաբերական պալատները կամ գործարարները իրար հետ չհամագործակցեն: Հուսով ենք, որ մյուս անգամ ԵԱՏՄ մյուս երկրները ևս կմիանան և, իհարկե, կօգտագործեն այս հարթակը, իրենց գործարարներին կուղարկեն ու կկարողանան նաև մեր միջոցով մուտք գործել Իրանի և Վրաստանի շուկաներ»,- նշեց Մարտին Սարգսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում