Բասկերի Երկրի 34 մունիցիպալիտետներում պաշտպանել են Իսպանիայից անկախությունը

Բասկերի Երկրի 34 մունիցիպալիտետներում պաշտպանել են Իսպանիայից անկախությունը

Բասկերի Երկրի մի շարք մունիցիպալիտետներում հունիսի 5-ին բնակիչների քվեարկություն է անցկացվել Իսպանիայից անկախության հարցի շուրջը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ժողովրդական հարցման» նախաձեռնող է հանդես եկել Gure Esku Dago («Մեր ձեռքերում») պլատֆորմը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են այդ կազմակերպությունում, որը հանդես Է գալիս հանուն տարածաշրջանի անկախության: Քվեարկությանը մասնակցել են 34 մունիցիպալիտետների բնակիչները՝ ընդամենը 37 հազար մարդ՝ 16-ից բարձր տարիքի 125 հազար բնակիչների 29,3 տոկոսը: «Հարցման» մասնակիցների 95,3 տոկոսն արտահայտվել է «բասկերի անկախ պետության» օգտին:

Պլատֆորմի առաջնորդներ Անխել Օիարբիդեն եւ Զելայ Նիկոլասը հայտարարել են, որ «այս քվեարկությանը Բասկերի Երկրի բնակիչներն սպասում էին շատ վաղուց»:

Քվեարկության նախաձեռնողների կարծիքով՝ այս «ժողովրդական հարցումը» կդառնա «առաջին քայլը հանրաքվեի ճանապարհին»: «Շոտլանդիայի եւ Կատալոնիայի օրինակով որոշումներ ընդունելու ժամանակը եկել է Բասկերի Երկիր»,- ասված է պլատֆորմի հաղորդագրության մեջ:

Բասկերի Երկիրն ամենալայն իրավունքներն ունի Իսպանիայի բոլոր ինքնավար հանրակցությունների համեմատությամբ, այդ թվում հարկման բնագավառում: Մինչդեռ տարածաշրջանում ուժեղ են անջատական տրամադրությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում