Գերմանիայի թուրք պատգամավորներին Ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո սպառնում են սպանել

Գերմանիայի թուրք պատգամավորներին Ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո սպառնում են սպանել

Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո թուրքական ծագում ունեցող բոլոր պատգամավորները սկսել են մահվան սպառնալիքներ ստանալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է գերմանական Die Zeit պարբերականը:

Կանաչների կուսակցության պատգամավոր Օզքան Մութլուն, խոսելով հեռուստաալիքներից մեկով, հայտարարել է, որ գերմանական խորհրդարանի բոլոր 11 թուրք պատգամավորները սկսել են աննախադեպ մեծ մասշտաբի սպառնալիքներ ստանալ:

Ուշագրավ է, որ Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո Անկարայի քաղաքապետ, հակահայկական մոտեցումներով հայտնի Մելիհ Գյոքչեքը թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել էր լուսանկար, որում պատկերված էին Բունդեսթագի բոլոր թուրք պատգամավորները: Լուսանկարը հազարավոր օգտատերերի կողմից սկսել էր տարածվել` ավելի թիրախավորելով Գերմանիայի թուրք պտգամավորներին: Մութլուն կարծիք է հայտնել, որ իշխանության ներկայացուցչի կողմից նման արարքը կարող է դիտարկվել որպես կոչ նրանց դեմ ինչ-ինչ գործողությունների գնալու: «Նման խելագար պատճառով Թուրք իայում շատերն են մահացել»,- նշել է Բունդեսթագի թուրք պատգամավորները:

#ihanetcilervatandasliktanatilsin pic.twitter.com/3F2OOaCJzn— İbrahim Melih Gökçek (@06melihgokcek) 5 июня 2016 г.

 

Սպառնալիքների մեծ բաժին է հասել Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրին, ով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախաձեռնողներից էր: Օզդեմիրի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Բերթհոլդը հայտնել է, որ քաղաքական գործիչը դեռևս երբեք այնքան սպառնալիք չի ստացել, որքան բանաձևի ընդունումից հետո: Նրանք խնդրի մասին հայտնել են Գերմանիայի Դաշնային անվտանգության ծառայությանը, Օզդեմիրի տան մոտ անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկված:

Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները: Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում