Հայաստանն ու Իրանը մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման մասին հուշագիր են ստորագրել

Հայաստանն ու Իրանը մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման մասին հուշագիր են ստորագրել

Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 5-ին հանդիպեց Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Մոհամադ Ջավադ Զարիֆը նշեց, որ Իրանը առանձնահատուկ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցությանը, և համոզմունք հայտնեց, որ երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունները հնարավորություն են ընձեռում դրանք առավել ամրապնդելու և խորացնելու համար։

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը կարևորեց փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնումը և առկա ամուր հիմքի վրա բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը։

Զրուցակիցները համակարծիք էին, որ Իրանի Նախագահի՝ Հայաստան նախատեսվող այցը կարևոր լիցք կհանդիսանա հայ-իրանական փոխգործակցությունը նոր մակարդակի վրա բարձրացնելու համար։ Այս համատեքստում երկուստեք վերահաստատվեց հանձնառությունը՝ հետևողական ջանքեր գործադրելու համատեղ ծրագրերի իրականացման նպատակով:

Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի: Կարևորվեց արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը։

Էդվարդ Նալբանդյանը և Մոհամադ Ջավադ Զարիֆը հանգամանալից քննարկեցին առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի, բնապահպանության և տուրիզմի ոլորտներում համագործակցության զարգացման, գործարար շրջանակների միջև կապերի խթանման, երկու երկրներում միջազգային տնտեսական ցուցահանդեսներին փոխադարձ մասնակցության հարցեր: Նախարարները կարևորեցին երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ։

Նախարարներն անդրադարձան միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստին ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքին: Քննարկեցին աշնանը Թեհրանում կայանալիք 14-րդ նիստի նախապատրաստական աշխատանքները։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև համագործակցության հաստատման շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը և Մոհամադ Ջավադ Զարիֆն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների: Քննարկվեց իրավիճակը Մերձավոր Արևելքում, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարը։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունների իրագործման, դրա արդյունքում տարածաշրջանում ստեղծված փոխգործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ: Այս առումով Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ այդ համաձայնությունը միջազգային հարաբերություններում 2015թ․ ամենանշանակալի ձեռքբերումներից էր, ինչը մեկ անգամ ևս ի ցույց դրեց, որ քաղաքական կամքի առկայության պարագայում դիվանագիտական ու բանակցային ճանապարհով կարելի է հասնել ցանկացած, նույնիսկ ամենաբարդ խնդիրների լուծմանը:

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից ապրիլի սկզբին սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը: Կարևորվեց Վիեննայում գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչումը: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված սկզբունքային դիրքորոշումը։

Նույն օրը Իրանի նախագահի նստավայրում Էդվարդ Նալբանդյանը և Մոհամադ Ջավադ Զարիֆը ստորագրեցին Հայաստանի և Իրանի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման մասին հուշագիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում