Բիշքեկում քննարկվել է ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգը

Բիշքեկում քննարկվել է ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգը

Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը հանդիպում է ունեցել ԱՊՀ-ի գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 6-ին հայտնել է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը:

«ԱՊՀ-ի գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նախագահին՝ ՂՀ-ի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովին տեղեկացրել է ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի նախապատրաստման ընթացքի մասին, որը հունիսի 7-ին Բիշքեկ քաղաքում տեղի է ունենալու Ղրղզստանի Հանրապետության նախագահությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման մասնակիցները քննարկել են ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի առաջիկա նիստի օրակարգը: Նաեւ կարծիքներ են փոխանակվել ԱՊՀ-ի երկրների համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 7-ին Բիշքեկում: Ինչպես ավելի վաղ հայտնել է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը, օրակարգում ընդգրկվել է 16 հարց, որոնք վերաբերում են Համագործակցության կենսագործունեության հրատապ ուղղություններին:

Հիմնական ուշադրությունը կնվիրվի առեւտրատնտեսական համագործակցության զարգացմանը, համատեղ աշխատանքին էներգետիկայում եւ առողջապահության ոլորտում, հումանիտար բնագավառում, ինչպես նաեւ պարենային անվտանգության բարձրացմանը եւ ինովացիոն փոխգործակցության ծրագրի իրականացմանը:

Պլանավորվում է, որ կառավարությունների ղեկավարների նիստին կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Մոլդովայի վարչապետները: Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը կառավարությունների ղեկավարների նիստին կերկայացված կլինեն փոխվարչապետներով: Միջոցառմանը նաեւ կմասնակցի Ուկրաինայի դեսպանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում