Էրդողանը երեխաներ չունեցող կանանց ոչ լիարժեք է անվանել

Էրդողանը երեխաներ չունեցող կանանց ոչ լիարժեք է անվանել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնում է, որ եթե կինը չի ցանկանում մայրանալ, ոչ լիարժեք է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, Էրդողանը հայտարարել է Ստամբուլում անցկացվող «Կանայք եւ ժողովրդավարությունը» միության նոր շենքի բացմանն ունեցած ելույթում:

Էրդողանը նշել է, որ պաշտպանում է այն կանանց, որոնք հաջող կարիերա են անում, սակայն, գտնում է, որ աշխատանքը չպետք է խոչընդոտ լինի ցեղի շարունակման համար:

«Կինը, որը գերադասում է աշխատանքը երեխաներից, իրականում ժխտում է իր կանացիությունը», -ընդգծել է Էրդողանը՝ կանանց կոչ անելով նվազագույնը երեք երեխա ունենալ:

Թուրքիայի անհավասարակշիռ նախագահը նախկինում ոչ միանշանակ արտահայտություններ է թույլ տվել ընտանիքի եւ հասարակության առիթով:

Այսպես, անցյալ շաբաթ Էրդողանը դեմ է հանդես եկել հակաբեղմնավորիչներին եւ Թուրքիայի քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս շատ երեխաներ ունենալ: Բացի այդ, նա նշել է, որ մուլսումանները, սկզբունքորեն, չպետք է մտածեն ծնելիության վերահսկողության եւ ընտանիքի պլանավորման մասին:

Էրդողանն այս մասին հայտարարել է Երիտասարդության եւ կրթության հիմնադրամի 20-ամյա տարելիցի կապակցությամբ Ստամբուլում ունեցած ելույթում: Էրդողանի կարծիքով` ընտանիքի պլանավորումը սահմանափակում է Թուրքիայի բնակչության թվաքանակի աճը:

Ավելի վաղ Էրդողանն առաջացրել էր կանանց կազմակերպությունների զայրույթը, երբ հայտարարել էր, թե կանայք հավասար չեն տղամարդկանց հետ, եւ նրանցից յուրաքանչյուրը պետք է նվազագույնը երեք երեխա ծնի: Նա նաեւ կոչ էր արել արգելել աբորտները եւ ամուսնական անհավատարմությունը:

Բացի այդ, Էրդողանը 2014 թվականին իր ելույթներից մեկում հակաբեղմնավորիչների օգտագործումը հավասարեցրել էր պետական դավաճանության հետ:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից կանանց հասցեին արված հետեւյալ արտահայտությունները. «Կնոջ եւ տղամարդու հավասարությունը հակասում է բնությանը», «Հղիության արհեստական ընդհատումը հանցագործություն է», «Մանկատներում աղջիկների եւ տղաների համատեղ բնակությունն անթույլատրելի է», «Բռնություն գործադրող տղամարդն աբորտ անող կնոջից ավելի անմեղ է», «Բռնաբարված կինը եւս չպետք է աբորտ անի», «Առանց գլխաշորի կինը նման է առանց վարագույրի տան, իսկ առանց վարագույրի տունը կամ վաճառքի, կամ վարձակալելու համար է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում