Ասպար Արմսը 10 տարեկան է։ Շնորհավոր, սիրելի ընկերներ

Ասպար Արմսը 10 տարեկան է։ Շնորհավոր, սիրելի ընկերներ

Երկու օր առաջ նշում էինք Ասպար Արմս ընկերության հիմնադրման տասնամյակը։ Ընդամենը մի քանի ամիս առաջ Ասպարն ինձ համար սովորական խանութ էր՝ զենքի խանութ, որսորդական պարագաների խանութ, զինվորական և հատուկ հանդերձանքի խանութ, բայց՝ խանութ։ Այսինքն մի վայր, որտեղից կարելի էր որակյալ իրեր ձեռքբերել, օգտագործել դրանք, ընկերներին նվիրել և այլն…

Բայց վերջերս ես բացահյետեցի ինձ համար ուրիշ Ասպար։ Հայտնաբերեցի մի երևույթ, որը դժվար է սովորական բառերով բնութագրել։ Այն ավելի զգայական աշխարհի մաս է՝ ներքին հանդարտության, ինքնավստահության ու սիրո հզոր աղբյուր, որը մթնոլորտ ու միջավայր է ստեղծում։ Երկու օր առաջ՝ Ասպարի տասնամյակի միջոցառումներին, ես տեսա այդ միջավայրը։ Տեսա այն մարդկանց, ում խմորը պատրաստվել է Ասպարում։ Տեսա նրանց, ովքեր իրենց ուսերին են կրում մեր երկրի անվտանգության ամենածանր բեռը։ Ծանոթացա ՀՀ և Արցախի ուժային կառույցների հատուկ նշանակության ծառայությունների մարտիկների հետ։

Ասպարի հիմնադիրները նշում են, որ ընկերության գլխավոր նպատակը զենքի հանդեպ սիրո և հարգանքի քարոզչությունն է երիտասարդության շրջանում։ Անցած 10 տարիների ընթացքում հազարավոր երիտասարդներ զենքի հետ վարվել ու կրակել են սովորել հենց Ասպարի հրաձգարանում։ Նրանցից մեկն էլ ես եմ։ Հրաձգարանի հրահանգիչ Աֆոյի ուշադիր և հոգատար խնամքի ներքո ես ստացա կարևորագույն դասերից մեկը՝ կառավարել զգացմունքները, ցանկություններն ու ձգտումները։ Իսկ հիմա, նույն գործը շարունակվում է արդեն Հայաստանի և Արցախի ողջ տարածքում։ Ասպարի մարզիչներն օր ու գիշեր աշխատում են շրջանների երիտասարդների հետ՝ սովորեցնելով նրանց ճիշտ թիրախներ ընտրել ու լինել դիպուկ։

Այս տարվա սկզբում նման մի ծրագիր էլ մենք կյանքի կոչեցինք Ասպարի հետ։ Խոսքը ՀՀ սահմանամերձ շրջանների երիտասարդների միջև անցկացվող հրաձգության մրցույթի մասին է, որը կրում է նույն անվանումը, ինչ Շուշիի ազատագրման գործողությունն ուներ՝ «Հարսանիքը լեռներում»։ Մրցույթի երկու փուլերի ընթացքում արդեն կրակել են Տավուշի մարզի մոտ 250 աշակերտներ։ Voskanapat.info֊ն մշտապես տեղեկացնում է մրցույթի ընթացքի մասին։ Բերդի և Իջևանի տարածաշրջաններում անցկացված մրցափուլերին կարելի է ծանոթանալ հետևյալ տեսանյութերում։

Իրականում սա կարևոր առաքելություն է, որը դրված է հենց Ասպարի ուսերին։ Այստեղ աշխատող երիտասարդ պրոֆեսիոնալների թիմը տարիներ շարունակ նպաստել է բանակ֊հասարակություն կապի ամրապնդմանն ու զինված ուժերը քիչ թե շատ պատրաստություն ստացած երիտասարդներով համալրելու գործին։ Իսկ բանակի համար ամենադժվար պահերին Ասպարը մշտապես կանգնած է եղել զինվորների կողքին։ Ապրիլյան չորսօրյա իրադարձություններն ու դրանց հետևած զարգացումները ասվածի ամենավառ օրինակն են` տղաներն այդ օրերին գրեթե կրկնապատկել են ոսկանապատցիների միջոցներով ձեռքբերվող սարքավորումների թիվը։ Իսկ թե ինչքան օգնություն է Ասպարն ինքնուրույն հասցրել առաջնագիծ, կիմանան միայն նրանք։

Բայց դա ամենը չէ։ Ասպարը զենքերի արդիականացման և արտադրման տարածաշրջանային առաջատարն է։ Այն աշխարհի միակ ընկերությունն է, որը հանդիսանում է Կալաշնիկով կոնցերնի ներկայացուցիչ Ռուսաստանի սահմաններից դուրս։ Նման վստահության միակ երաշխիքը բարձր պրոֆեսիոնալիզմն ու պատասխանատվության զգացումն է։ Թերևս հենց այս երկու հատկությունն են, որ Ասպարը դարձրել են մեր երկրի անվտանգության ապահովման կարևորագույն գործոններից մեկը։ Եվ սա ձեռքբերում է, որին այլ ընկերություններ հասնում են ոչ մեկ տասնամյակի ընթացքում։

Ասպարն այսօր ընդամենը 10 տարեկան է։ Իհարկե, կարելի է դեռ երկար գրել ընկերության և այնտեղ աշխատող մարդկանց դրական կողմերի մասին։ Բայց շատախոսությունն այնտեղ չի ողջունվում։ Այդ իսկ պատճառով, սիրելի ընկերներ, կցանկանայի պարզապես շնորհակալություն հայտնել։ Շնորհակալություն ձեր նվիրումի, ձեր աշխատանքի և ձեր վստահության համար։ Շնորհավոր։

Հրանտ ՄԵԼԻՔ֊ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում