Բունդեսթագում Հայոց ցեղասպանութան բանաձեւի հեղինակը պատասխանել է Էրդողանին

Բունդեսթագում Հայոց ցեղասպանութան բանաձեւի հեղինակը պատասխանել է Էրդողանին

Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումից հետո մահվան սպառնալիքներ ստացած բանաձեւի նախաձեռնողներից, Կանաչների խմբակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը պատասխանել է իր հասցեին ծանր քննադատություն հնչեցրած Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Deutsche Welle ռադիոկայանի թուրքական ծառայությունը, բանաձեւի ընդունման օգտին քվեարկած Օզդեմիրն իր եւ Բունդեսթագի մյուս թուրք պատգամավորների հասցեին Էրդողանի արած արտահայտությունները «ոչ ժամանակակից» է բնութագրել:

Անդրադառնալով Բունդեսթագում Հայոց ցեղասպանութան բանաձեւն ազգությամբ թուրք պատգամավորների կողմից պատրաստվելու փաստին, Էրդողանն ասել էր. «Ի՞նչ թուրք, նրանց արյունը պետք է լաբորատոր քննության ենթարկել»:

Գերմանական Die Zeit պարբերականը հայտնել է, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեի ընդունումից հետո թուրքական ծագում ունեցող բոլոր 11 պատգամավորներն սկսել են մահվան սպառանալիքներ ստանալ:

Սպառնալիքների մեծ բաժին է հասել Կանաչների խմբակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրին: Թուրք պատգամավորները խնդրի մասին հայտնել են Գերմանիայի Դաշնային անվտանգության ծառայությանը: Ջեմ Օզդեմիրի տան մոտ անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել:

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը բանաձեւ է ընդունել, որում Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային տարիներին հայերի զանգվածային տեղահանություններն ու կոտորածները բնութագրել է որպես ցեղասպանություն:

Փաստաթղթում նաեւ ընդգծվում է, որ Թուրքիան «մինչ օրս հրաժարվում է խոստովանել, որ հայերի տեղահանությունները, հետապնդումներն ու սպանությունները ծրագրված բնույթ են կրել»:

Գերմանացի խորհրդարանականներն այդ բանաձեւը պաշտպանել են ի հակառակ Թուրքիայի կողմից հզոր քաղաքական ճնշման եւ սպառնալիքների: Բանաձեւի ընդունումից անմիջապես հետո Բեռլինում Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Քարսլըօղլուն խորհրդատվությունների համար հետ է կանչվել հայրենիք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում