«Կարկուտը թակած տեղն ա թակում»
Նմանատիպ
Արթուր Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Կարկուտը թակած տեղն ա թակում»
Տարիներ առաջ ԼՂՀ ժամանած և այստեղ տնավորված պարոն Խանումյան Հայկը միշտ էլ իր գործունեությունը կառուցել է սադրանքի ճանապարհով։
Լավ է դա, թե վատ՝ համենայն դեպս սադրանքը նրան կայուն օգուտ տվել է։ Այլ խնդիր է, որ արցախահայ երիտասարդն այդ տարբերակով չի գնա ինչ-որ արդյունքի հասնելու համար, գտնելով սրան-նրա հասցեին ցեխ շպրտելը անպատիվ։
Հայկ Խանումյանը նմանօրինակ կաշկանդվածության խնդիր չունի, և մի քանի տարում իր բանսարկու էությունը փողոցից հասցրել է ԱԺ հարթակ։ Դա ցույց է տալիս նրա նպատակասլացությունը, որը ունակ է արցախահայության շրջանում ձևավորելու սանձարձակությունը կենսակերպ դարձնելու նախադեպ, ընդօրինակելու արժանի արարք, գրեթե՝ սխրանք։ Սա, պախարակելի լինելուց բացի, նաև վտանգավոր է։ Բանսարկությունը, այն էլ պատերազմական վիճակում գտնվող երկրում, միշտ էլ այդ դրությունից ճնշվող մարդկանց համախմբելու հատկություն կարող է ձեռք բերել և ունենալ չնախատեսված հետևանքներ հենց նույն Խանումյանի համար։ Եվ, ուրեմն, բանսարկուի սեփական անձի անվտանգության ապահովման նպատակով, բանսարկությունը պետք է կատարվի որոշակի զգուշությամբ։ Երբ երեկ Խանումյանին թվում էր, թե վրա է հասել «աստեղային» ժամը, որ այսուհետ ԼՂՀ ԱԺ մյուս 32 պատգամավորներն իրեն երկու ձեռքով են բարևելու, որ Հանրապետության ղեկավարությունն անհապաղ ընդունելու է իրեն ու 3-4 հոգու կամքով նոր ՊՆ նշանակի՝ սա ոչ թե քաղաքական, այլ մարդկային տհասության ու մանկամտության դառը հետևանք է։ Բայց պարբերաբար քննելով Խանումյանի բարդ կերպարը, առիթներ ունեցել եմ ափսոսալու խանումյանական՝ ձեռքից գնացած հետևորդներին, որոնց մեղքն այն է, որ ուղեղի մթագնությամբ պայմանավորված՝ ընկել են պրոֆեսիոնալ, արտերկրում համապատասխան կուրսեր անցած սադրիչի ջրերը ու խեղդվում են այնտեղ։
Անդրադառնանք նոր ՊՆ նշանակելու պահանջին։ Սա ԼՂՀ քաղաքական կյանքում նոր և տհաճության աստիճանի անհեթեթ երևույթ է՝ հաշվի առնելով պահանջի ձևակերպման (կամ՝ չձևակերպման) եղանակը, հնարավոր նշանակմանը գոնե ինչ-որ հիմքեր ներկայացնելու (կամ՝ չներկայացնելու), որևէ տրամաբանությամբ ղեկավարվելու (կամ՝ չղեկավարվելու) հանգամանքները։ Առաջին հայացքից սա կարող է թվալ իբր թե ռազմաճակատում առկա խնդիրների պատճառով նոր նշանակման հասունությունը գիտակցողների տարերային երթ։ Հաջորդիվ, այդ պահանջը կարող է դիտարկվել որպես Սամվել Բաբայանին ՊՆ «սարքելու» գործընթաց՝ հանուն նրա և իրենց բարեկեցության։ Այնուհետև, նկատի ունենալով այս ակցիայի անցկացման՝ այնքան անհարմար ժամանակը (երբ նոր է համեմատաբար կայուն հրադադար հաստատվում, երբ առաջիկայում սպասվում է ՀՀ և Ադրբեջանի նախագահների՝ մի շարք առումներով կարևորագույն հանդիպումը), դա կարող է դառնալ իրադրությունը ապակայունացնելու լրջագույն գործոն, մանավանդ հաշվի առնելով այդ պահանջի անկատարելիությունը։
Արցախի ժողովուրդը լավ է գիտակցում ապակայունացման ռիսկը։ Ասենք, ինքը՝ Խանումյանը, նույնպես գնահատում է իրավիճակը, չնայելով արտաքուստ թվացյալ մանկամտությանը։ Պարզապես, մարդն ընտելացել է իր երեսին տեղացող հարվածներին։ Հավանաբար, դրա դիմաց փող է աշխատում։
Խանումյան Հայկին մաղթենք շատ փող։
Հետևեք մեզ նաև Telegram-ում