Հայաստանում առողջապահական ծախսերի վրա ֆինանսական ներդրման ցուցանիշները բավականին ցածր են. Ծաղիկ Վարդանյան

Հայաստանում առողջապահական ծախսերի վրա ֆինանսական ներդրման ցուցանիշները բավականին ցածր են. Ծաղիկ Վարդանյան

Ոչ վարակիչ հիվանդությունների զարգացումը կանխելի է, եթե լուրջ եւ համապարփակ պայքար մղվի ռիսկային գործոնների դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականությոն վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:

Նրա խոսքով՝ առաջին 4 ոչ վարակիչ հիվանդությունները, որոնք գրանցում են մահացության եւ հիվանդացության առավելագույն ցուցանիշը, շաքարային դիաբետը, նորագոյացությունները, թոքերի օբստրուկտիվ եւ սիրտ-անոթային համակարգի հետ կապված հիվանդություններն են:

«Ոչ վարակիչ հիվանդությունների հետ կապված խնդիրները լուրջ մարտահրավեր են ոչ միայն առողջապահության, այլեւ երկրի բարեկեցիկ ապրելակերպի, երկրի տնտեսական եւ սոցիալական զարգացման համար: Ոչ վարակիչ հիվանդությունները ուղիղ կապված են տնտեսական աճի հետ, յուրաքանչյուր 10 % ոչ վարակիչ հիվանդությունների մահացության ցուցանիշի բարձրացումը 0.5 %-ով իջեցնում է տնտեսական աճը»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ այժմ գերխնդիր է միջոլորտային համագործակցությունը, որի միջոցով միայն կարելի է հասնել դրական արդյունքի:

Ծաղիկ Վարդանյանը տեղեկացրեց, որ այժմ Հայաստանը ներգրավված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Սթեփս» հետազոտություն իրականացվող երկրների ցանկում: Հետազոտության իրականացումը դեռ նախապատրաստական փուլում է, այն ներառելու է ազգաբնակչության մոտ 3 000 չափահաս մարդկանց ամբողջ ՀՀ մասշտաբով: Այն իրականացվելու է 3 փուլով՝ ռիսկի վարքագծային գործոններ, ֆիզիկական հետազոտություն, լաբորատոր-գործիքային հետազոտություն, որոնց արդյունքները ներկայացվելու են դեկտեմբեր ամսին:

«Ծրագիրը կարեւորվում է նրանով, որ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, բուժման ռազմավարություն իրականացնելիս ճիշտ թիրախներ ընտրելու, բնակչության համապատասխան խնդիրները որոշելու համար առաջին հերթին անհրաժեշտ է իմանալ, թե որոնք են այդ ռիսկի գործոնները, ինչ ձեւով եւ քանակով են ազդում մեր բնակչության վրա»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով առողջապահական ծախսերի վրա ֆինանսական ներդրման հայաստանյան ցուցանիշներին՝ վարչության պետն ընդգծեց, որ երկրների ընդհանուր ցանկում Հայաստանին զիջում են միայն Վրաստանը, Ադրբեջանը եւ Տաջիկստանը:

«Հայաստանում առողջապահության ծախսերը կազմում են համախառն ներքին արդյունքի ընդամենը 1.9 %-ը, իսկ ընդհանուր ծախսերի 7.9 %-ն է, ինչը բավականին համեստ ցուցանիշ է»,- եզրափակեց Ծաղիկ Վարդանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում