Արմատական իսլամիստները բազա են ստեղծում Ադրբեջանում

Արմատական իսլամիստները բազա են ստեղծում Ադրբեջանում

Արմատական իսլամիստական խմբավորումները փորձում են բազա ստեղծել նաեւ Ադրբեջանում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով report.az լրատվական կայքը, հայտարարել է Ադրբեջանի կրոնական կազմավորմների հետ աշխատանքի գծով Պետկոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլըն:

Մուբարիզ Գուրբանլըի խոսքով` Ադրբեջանում իսլամիստական արմատական բազա ստեղծել փորձող անձինք ցանկանում են առաջին հերթին ներգրավել երիտասարդությանը:

«Առկա են մարդկանց, եւ հատկապես, երիտասարդությանը, ֆանատիկոս խմբերի եւ ապօրինի զինված խմբավորումների մեջ ներգրավելու փորձեր», -ասել է պաշտոնյան:

Նրա կարծիքով` երիտասարդության շրջանում դա կանխելու համար անհրաժեշտ է պրոպագանդա կազմակերպել:

«Այդ իմաստով մեր երիտասարդական կազմակերպությունների վրա մեծ հույսեր են դրվում: Անհրաժեշտ է օգտվել մամուլի եւ սոցցանցերի հնարավորություններից: Նման խմբերի դեմ պետք է պրոպագանդա տարվի եւ կանխվի նրանց գործունեությունը», -ասել է Մուբարիզ Գուրբանլըն:

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` ներկայում Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կազմում Սիրիայի կառավարական ուժերի դեմ հազարավոր ադրբեջանցի արմատական իսլամիստներ են կռվում:

Echo.az լրատվական կայքն ավելի վաղ հայտնել էր անվտանգության գծով փորձագետ, Trend գործակալության փոխտնօրեն Արզու Նագիեւի հետեւյալ համոզմունքը. «Եթե ԻՊ-ի ահաբեկիչներն այսօր ամրապնդվել են Հյուսիսային Կովկասում, ապա չի բացառվում, որ վաղը նրանք հայտնվեն Ադրբեջանում` Դաղստանի հետ սահմանակից շրջաններում: Սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո Ադրբեջանի անվտանգության սպառնալիքներից մեկը հանդիսանում են հենց արմատապես տրամադրված իսլամիստական կազմակերպությունները»:

Նա մտահոգություն էր հայտնել այն բանի առթիվ, որ Ադրբեջանի քաղաքացիները մեկնում են Սիրիա կռվելու ԻՊ-ի շարքերում, հետո վերադառնում հայրենիք:

Կայքը հիշեցրել է այս տարվա սկզբին Ադրբեջանն ու Դաղստանը միացնող «Կավկազ» մայրուղում Դերբենդի շրջանի «Ջիմքենդսկի» ճանապարհա-պարեկային ծառայության պահակակետում ծագումով ադրբեջանցի 23-ամյա Ադմիր Թալիբովի կողմից սեփական ավտոմեքենայում տեղադրված 30 կգ պայթուցիկի պայթեցման արդյունքում 18 մարդկանց վիրավորվելու փաստը: Այդ պայթյունի համար պատասխանատվությունն իր վրա էր վերցրել ԻՊ-ն:

2015 թվականի հունիսին ԻՊ-ն ընդունել է «Իմարաթ Կավկազ» զինված խմբավորման մարտիկների հավատարմության երդումը` Հյուսիսային Կովկասը հայտարարելով իր նահանգներից մեկը:

Ադրբեջանում ԻՊ-ի գաղափարախոսության` վահաբիզմի տարածման պատճառներին անդրադարձում իրանական AhlulBayt պարբերականն ավելի վաղ հայտնել էր, որ այդ երկրում մուսուլման հավատացյալների 85 տոկոսը իսլամի շիա ուղղության հետեւորդներ են, ինչը, սակայն, խոչընդոտ չէ այն բանին, որ Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրաթների, Եգիպտոսի եւ որոշ արաբական երկրների ֆինանսական օգնությամբ վահաբիական շարժումն Ադրբեջանում նոր թափ ստանա:

«Տեղեկություններ կան այն մասին, որ Ադրբեջանում վահաբիները կարողացել են մոտեցման ուղիներ գտնել անգամ պետական չինովնիկներին, խորհրդարանի անդամներին եւ, հատկապես, մամուլի ակտվիստներին: Չնայած այն բանին, որ հիշյալ անձինք վահաբիական հայացքներ չունեն, նրանք պաշտպանում են վահաբիական կենտրոնների շահերը (առաջին հերթին` Սաուդյան Արաբիայի):

Ըստ պարբերականի` Ադրբեջանում վահաբիզմն ավելի շատ կենտրոնացած է երկրի հյուսիային շրջաններում, Սումգայիթում եւ Բաքվում:

AhlulBayt-ը գրել էր, որ տվյալներ կան, որ մինչեւ 1000 վահաբի մարտիկներ Ադրբեջանից մեկնել են կռվելու Սիրիա, որտեղ նրանք անգամ Ադրբեջանի վահաբիների միություն են ստեղծել:

Անդրադառնալով Ադրբեջանի համար սպառնալիքներին՝ AhlulBayt-ի վերլուծաբանները նշել էին, որ գոյություն ունի սիրիական ճակատամարտերից մեծ թվով ադրբեջանական մարտիկների վերադարձի լուրջ վտանգ:

Թուրքական HaberTurk-ը ապրիլին հայտնել էր, որ ԻՊ-ի մի խումբ ահաբեկիչներ, որոնք ներկայում գտնվում են Սիրիայի տարածքում, ծրագրում են ահաբեկչական գործողություններ իրականացնել Թուրքիայում եւ Ադրբեջանում: Կայքը հայտնել էր անգամ ահաբեկիչների անունները:

The Soufan Group հետախուզական կազմակերպության փորձագետների կողմից կազմված վերջին` 2015 թվականի դեկտեմբերյան զեկույցում ԻՊ-ի կազմում Իրաքում եւ Սիրիայում կռվող մարտիկների շարքում նշվում են նաեւ Ադրբեջանից մեկնած հարյուրավոր անձինք:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ Սիրիայում ներկայում ահաբեկչական խմբավորումների կազմում 3 000-ից ավելի ադրբեջանցի մարտիկներ են կռվում, իսկ Սիրիայում ներքին պատերազմի սկզբից մինչ այժմ արդեն 500-ից ավելի ադրբեջանցի մարտիկներ են ոչնչացվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում