Արցախյան հարցի քննարկման նպատակով ԵԽԽՎ-ում եռակողմ հանդիպում է կայացել
Նմանատիպ
Հունվարի 22-ին երեկոյան Եվրոպայի խորհրդարանի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) տեղի է ունեցել ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի, Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի և Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի եռակողմ հանդիպումը: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
«Նման հանդիպումների մասին մենք տեղեկատվություն դեռևս չենք տարածում, և պայմանավորվածությունն է այդպիսին’ եթե տեղեկատվություն տարածենք, ապա այն պետք է լինի եռակողմ համաձայնեցված», -հավելեց Հարությունյանը’ նկատելով, որ ինքը չի կարող խախտել պայմանավորվածությունը և հանդիպման մասին տեղեկություն տրամադրել:
Ավելի վաղ նման եռակողմ հանդիպումների մասին խոսել էր նաև ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը և տեղեկացրել, որ այդ հանդիպումները կանոնավոր կերպով ընթանում են Ստրասբուրգում կամ Փարիզում, վերջինը նաև Թուրինում:
Մինյոնն ասել էր, որ այդ հանդիպումները պաշտոնական ու հանրային չեն և հավելել. «Ես չեմ ցանկանում վերականգնել ԼՂ հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը հենց միայն այն պատճառով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շատ կարևոր գործ է կատարում հակամարտությունը լուծելու ուղղությամբ»:
ԵԽԽՎ նախկին նախագահ ազգությամբ թուրք Մևլութ Չավուշօղլուի ակտիվ ջանքերով վերագործարկվել էր ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործարկումը և դրա նախագահ նշանակվել իսպանացի Հուգլա Ի Կոստան: Ենթահանձնաժողովի աշխատանքները կիսատ են մնացել հանձնաժողովի առաջին նախագահ Լորդ Ռասել Ջոնսթոնի մահից հետո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում