Քլինթոնը «պատմական ուղենիշ» է համարել իր հաղթանակը փրայմերիզներում

Քլինթոնը «պատմական ուղենիշ» է համարել իր հաղթանակը փրայմերիզներում

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է իր հաղթանակը Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Նյու Ջերսիի փրայմերիզում հաղթելուց հետո նա դարձել է պատմության մեջ առաջին կինը, որը խոշոր կուսակցության կողմից անվանակարգվել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար: Քլինթոնն իր հաղթանակը պատմական ուղենիշ է որակել բոլոր կանանց համար:

«Ձեր շնորհիվ մենք հասանք կարեւոր ուղենիշի: Մեր ազգի պատմության մեջ առաջին անգամ խոշոր կուսակցություններից մեկից նախագահի պաշտոնին կին է առաջադրվում»,- ասել է Հիլարի Քլինթոնը՝ Բրուքլինում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ այն բանից հետո, երբ հայտնի դարձան Նյու Ջերսիում Դեմոկրատական կուսակցության փրայմերիզի արդյունքները:

«Այսօրվա հաղթանակը մի մարդու չի պատկանում: Դա սերնդի հաղթանակն է»,- հավելել է նախկին պետքարտուղարը:

Քլինթոնը շնորհակալություն է հայտնել իր մրցակցին՝ Բեռնի Սանդերսին, ասելով, որ ԱՄՆ-ում եկամուտների անհավասարության շուրջ բանավեճը, որի վրա նա կառուցել էր իր ընտրարշավը, շատ կարեւոր կլինի ԱՄՆ-ի քաղաքականության համար: Նա հորդորել է իր կողմնակիցներին՝ միավորվել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ, որը, նրա կարծիքով, պիտանի չէ նախագահի պաշտոնի համար:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում