Հայաստանի ու Չեխիայի միջև առևտրաշրջանառություն ավելացնելու ներուժ կա. փոխնախարար

Հայաստանի ու Չեխիայի միջև առևտրաշրջանառություն ավելացնելու ներուժ կա. փոխնախարար

Հայաստանի ու Չեխիայի միջև առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու մեծ ներուժ կա: Հայաստան-Չեխիա գործարար համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

«2015-ի տվյալներով տարեկան առևտրաշրջանառությունը 22 միլիոն դոլար է, ունենք որոշակի աճ, բայց վստահաբար կարելի է ասել, որ շատ ավելին կարող ենք ունենալ: Դրան հասնելու համ ար պետք է ստեղծված հնարավորությունների մասին երկու երկրների մասնավոր հատվածը տեղյակ լինեն, ինչին էլ ուղղված են նմանատիպ հանդիպումները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց փոխնախարարը: Նա նշեց, որ ներդրումային հաջողված օրինակներ ևս կան, Հայաստանում գործում է չեխական երկու տասնյակից ավելի ընկերություն:

Երևանում անցկացվում է Հայաստան-Չեխիա գործարար համաժողով, որին մասնակցում են 26-ից ավելի ընկերություններ Չեխիայից, 85-ից ավելի Հայաստանից: Ընկերություններն անցկացրել են երկուստեք հանդիպումներ:

Համաժողովին մասնակցում են Հայաստանի ու Չեխիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Միլոշ Զեմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում