Կդիմեմ Չեխիայի խորհրդարանին, որ Գերմանիայի օրինակով կատարեն Ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն. Միլոշ Զեման

Կդիմեմ Չեխիայի խորհրդարանին, որ  Գերմանիայի օրինակով կատարեն Ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն. Միլոշ Զեման

Հայաստանը շնորհակալ է Չեխիային Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության ընդհանուր դիրքորոշմանը համահունչ դիրքորոշման և Մինսկի խմբի համանախագահների ջանքերին լիակատար աջակցության համար: Այս մասին Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Նրա համար ես շնորհակալությունն եմ հայտնել նախագահ Զեմանին և Չեխիայի կառավարությանը: Մենք երկուստեք կարևորել ենք Վիեննայի պայմանավորվածությունների՝ ներառյալ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերի իրականացումը, մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացումը՝ որպես հակամարտության գոտում տևական կայունության հաստատման կարևոր գրավական»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ այդ քայլերի անշեղ իրագործումն այն նվազագույն շեմն է, որը թույլ կտա ճանապարհ հարթել դեպի կառուցողական և որ ամենակարևորն է՝ արդյունքի միտված բանակցություններ:

«Իհարկե, պարոն Զեմանին տեղեկացրեցի նաև Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ նոր հանդիպումների հնարավորության մասին: Եվ ես նրան շնորհակալություն եմ հայտնել նրա համար, որ նա մեզ առաջարկեց այս հանդիպումների համար օգտագործել Չեխիայի Հանրապետության հնարավորությունները»,- ընդգծեց Նախագահ Սարգսյանը:

Իր հերթին Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Երևանում վստահեցրել է, որ կդիմի Չեխիայի խորհրդարանին Գերմանիայի Բունդեսթագի օրինակին հետևելու և Հայոց ցեղասպանությունը դատապարտելու հարցով: Այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

/disc/08-06-16/6c8951e474f0a4db3f667ae94466b1da.jpg

«Հայոց ցեղասպանության վերաբերյալ իմ դիրքորոշումը ես հայտնել եմ դեռ 2014թ.՝ նախագահ Սարգսյանի՝ Չեխիա այցելության ընթացքում: Նացիստական Գերմանիայի հաղթանակի դեպքում իմ ժողովուրդը նույնպես նման տառապանքներ կարող էր կրել, պատմությունը կարող էր կրկնվել: Ես գիտեմ, որ Ցեղասպանությունը դատապարտել են Եվրամիության 10 երկրներ, ոչ Եվրամիության անդամ երկրներից կարող եմ նշել Կանադան և Ռուսաստանը: Որպես այս հայտարարությանը հաջորդող քայլ, ես կդիմեմ Չեխիայի խորհրդարանին, որպեսզի նրանք հետևեն Գերմանիայի օրինակին և կատարան նման հայտարարություն»,- ասաց Միլոշ Զեմանը:

/disc/08-06-16/88acc891b7501d9514615f48110369ed.jpg

Մինչ իր երկրի խորհրդարանին դիմելը, պետական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Չեխիայի նախագահը, ծաղկեպսակ դնելով հուշահամալիրի, ապա՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ, հարգեց 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այնուհետեւ Չեխիայի նախագահը Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ շրջեց թանգարանում, ծանոթացավ ցուցանմուշներին, իսկ թանգարանի հուշամատյանում գրառում կատարեց, որտեղ, մասնավորապես, ասված է. «Խորին հարգանքով ցեղասպանության զոհերի հիշատակին»:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում