Սամվել Բաբայանի ասածի մեջ ռացիոնալ մի քանի հատիկ կար. Թևան Պողոսյան (տեսանյութ)

Սամվել Բաբայանի ասածի մեջ ռացիոնալ մի քանի հատիկ կար. Թևան Պողոսյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը դատապարտելի է համարում  ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստը.«Մենք տեսանք, որ օրը ցերեկով օրենքով անձեռնամխելի անձին առևանգում են, ծեծում, հետո ստիպում ինչ-որ թղթեր ստորագրել, ձայնագրել…սա իսկապես շատ բացասական ազդեցություն ունեցավ: Դատապարտում եմ ցանկացած տեսակի բռնություն, իսկ իմ գործընկեր Հայկ Խանումյանին մաղթում արագ ապաքինում»:

Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Աժ պատգամավորը հույս հայտնեց, որ միջադեպի հեղինակներն ու իրականացնողներն օրենքի սահմաններում խստագույնս կպատժվեն: Արցախի նախագահի՝ միջադեպի պաշտոնական դատապարտումն ըստ նրա ուրախալի է, և հիմա մնում է հուսալ, որ սրանից դասեր կքաղենք և երկրի զարգացումը կտարվի ժողովրդավարության ուղիով: Սա ենթադրում է, որ նախևառաջ պետք է միջադեպի քննությունը լինի թափանցիկ, հատկապես երբ կա բավարար տեղեկություն. Հայկ Խանումյանն ասաց, որ ճանաչում է առնվազն 7-ին, երկրորդ՝ հարակից կառույցների, մասնավորապես՝ Արցախբանկի շենքին տեղադրված տեսախցիկները ֆիքսած կլինեն կատարվածը:

«Կան բոլոր նախադրյալները, որ քննությունը գնա ճիշտ ուղիով, իրավապահ մարմինները թափանցիկ ներկայացնեն ամեն ինչը, թե քանի հոգի է հարցաքննվել, կալանավորվել, քանիսն է կասկածյալ: Դրանով երկու հարց ենք լուծում՝ ցույց տալ, որ Արցախի իրավապահ մարմինները գիտեն պրոֆեսիոնալ աշխատել, երկրորդ՝ ստանանք պատասխաններն այն բոլոր կասկածների, թե ով է պատվիրել, ով է սրանից փորձել դիվիդենտներ գտնել, որից հետո արդեն դատական գործընթացը, ինչը ևս պետք է թափանցիկ լինի: Սրանում ամենահետաքրքրվածը պիտի լինեն Արցախի իշխանությունները»,- նշեց Պողոսյանը:

Ինչ վերաբերում է Խանումյանի՝ Սամվել Բաբայանին ԼՂՀ ՊԲ հրամանատար նշանակելու պահանջին և Բաբայանի հերքմանը, Թևան Պողոսյանը նկատեց, որ դեռ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը չէր եկել Հայաստան, արդեն քաղաքական ենթատեքստեր էին շրջանառվում, մինչդեռ նրա վերադարձը պետք էր ընկալել որպես մի հայի տուն վերադարձ:

Ըստ Թևան Պողոսյանի՝ Երևանում  Բաբայանի հարցազրույցը պետք է դիտարկել սրտացավ մարդու  հարցազրույց, որը դեռ մի քանի տարի առաջ էր զգուշացրել ադրբեջանական գործողությունների մասին, այլ հարց է, թե ինչ ոճով է խոսել: Այսինքն՝ նրա ասածի մեջ կար մի քանի ռացիոնալ հատիկ: Մյուս կողմից Թևան Պողոսյանի համար անհասկանալի է, որ ՀՀ-ում միմյանց հետ մամուլի միջոցով են շփվում. «Ձևավորվել է մի իրավիճակ, երբ բոլորը բոլորի մասին ավելի լավ գիտեն, քան այդ մարդիկ: Սամվել Բաբայանը հանրային կերպով ասեց, որ պաշտոնի համար չի եկել, կարող եմ հավատալ, բայց կարող եմ և չհավատալ: Մենք նախընտրում ենք չհավատալ և մի 15 հատ էլ բան ավելացնել: Էդ մարդն ասել է, թե եկել է օգտակար լինել, հիմա կարելի է շփվել և հասկանալ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում