Նախագահների մասնակցությամբ հայ-չեխական գործարար համաժողովին ներկայացված են 110-ից ավելի ընկերություններ

Նախագահների մասնակցությամբ հայ-չեխական գործարար համաժողովին ներկայացված են 110-ից ավելի ընկերություններ

Չեխիայի Հանրապետության նախագահի այցելության շրջանակներում Հայաստան են ժամանել 26-ից ավելի չեխական ընկերությունների ներկայացուցիչներ` մասնակցելու հայ-չեխական գործարար համաժողովին: Հայկական կողմից համաժողովին մասնակցում են 85-ից ավելի ընկերություններ: Համաժողովն արդեն երրորդն է ընթացիկ տարվա հինգ ամիսների ընթացքում: Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, երկուստեք առկա է տնտեսական` առևտրային ու ներդրումային հատվածներում կապերն ամրապնդելու հետաքրքրություն: «Երկու երկրների նախագահների կողմից կա դիրքորոշում տնտեսական հարաբերությունները հնարավորինս զարգացնելու, առկա են ծրագրեր, որոնք ուղղված են երկուստեք շահերի բավարարմամբ գործարար կապերի ամրապնդմանը:

Միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ևս այս հարցերն ակտիվ քննարկվում են»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Գարեգին Մելքոնյանը:

Նա տեղեկացրեց, որ միջկառավարական հանձաժողովի շրջանակներում առկա են մի քանի որոշումներ, որոնք առաջիկայում պետք է կյանքի կոչվեն: Մասնավորապես, փոխադարձաբար առևտրային տների հիմնումը, համատեղ մի քանի արտադրական, արդյունաբերական ծրագրերի իրականացումը, ամենատարբեր ոլորտներում` սկսած էկոլոգիայից` ավարտած ստանդարտացմամբ, միջպետական հարթակում համատեղ ծրագրերի կատարումը: «Նմանատիպ հանդիպումները հնարավորություն են չեխ գործարարներին ներկայացնելու գործարարությամբ զբաղվելու Հայաստանի առաջարկությունները: Հայաստանի մուտքը Եվրասիական տ նտեսական միություն, Իրանի հետ անմիջական հարևանությունը, որի նկատմամբ պատժամիջոցները վերացվել են, Հայաստանի ներսում օրենսդրական կարգավորումների բավական լիբերալ պատկերը, բավական հետաքրքրություն են ստեղծում չեխ գործարարների մոտ»,-վստահեցրեց փոխնախարարը` հավելելով, որ հանդիպումները մոտ ժամանակներում կտան իրենց արդյունքը:

Հայաստան-Չեխիա գործարար համաժողովին ներկա են Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության նախագահներ Սերժ Սարգսյանն ու Միլոշ Զեմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում