Իրանը Հայաստանին մասնագետներ կտրամադրի հայ-իրանական երկաթգծի կառուցման հարցում օգնելու համար

Իրանը Հայաստանին մասնագետներ կտրամադրի հայ-իրանական երկաթգծի կառուցման հարցում օգնելու համար

Իրանը խոստացել է մասնագետներ տրամադրել Հայաստանին հայ-իրանական երկաթգծի կառուցման հարցում օգնելու համար: Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ պատասխանելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին: «Այդ մասնագետներն այս ամիս գալու են, սակայն երկաթգծի աշխատանքները սկսելու համար անհ րաժեշտ է գումար: Մենք այսօր ունենք տեխնիկական ուսումնասիրությունը, աշխատում ենք այն ուղղությամբ, որ ունենանք գումարներ այդ ծրագիրը կյանքի կոչելու համար»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բեգլարյանը:

Բեգլարյանն անդրադարձավ նաև Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին: «Մենք այս ճանապարհով կարողանալու ենք կարևոր հարցեր լուծել: Ես այստեղ ասել եմ, որ բետոնային ճանապարհը, Ագարակից սկսած, փոխել ենք ասֆալտապատ ճանապարհով և մենք երկու տարվա ընթացքում կարողանում ենք ունենալ Ագարակ-Սիսիան որակյալ ճանապարհ: Քաջարանի մոտ էլ կառուցվում է մոտ 5 կիլոմետր երկարությամբ թունել, որով կարողանում ենք իրանցիներին առաջարկել ճանապարհ, որով նրանք կկարողանան հասնել մինչև Երասխ, իսկ այնտեղից բեռնավորվել և ուղևորվել Վրաստան: Մինչև երկաթգծի կառուցումը մենք կարողանում ենք նրանց նորմալ ճանապարհ տալ՝ Սև ծով դուրս գալու համար: Մենք արդեն իրանական մի քանի տրանսպորտային կազմակերպությունների հետ պայմանավորվածություններ ունենք, որոնք համաձայնել են օգտագործել այդ ճանապարհը»,– մանրամասնեց Բեգլարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում