Կարեւորը ԼՂ հակամարտության գոտում հրադադարի պահպանումն է. Եվրախորհրդարանի պատգամավոր

Կարեւորը ԼՂ հակամարտության գոտում հրադադարի պահպանումն է. Եվրախորհրդարանի պատգամավոր

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, մարդու իրավունքների ենթահանձնաժողովի անդամ, բուլղարացի քաղաքական գործիչ Անդրեյ Կովաչեւը կարծում է, որ այժմ կարեւորը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի պահպանումն է: «Սա բավականին երկարատեւ հակամարտություն է, եւ կարող է լուծվել միայն Մինսկի խմբի շրջանակներում: Կարծում եմ, որ այժմ ստատուս քվոյի պահպանումը նույնպես ձեռքբերում է. ինձ համար կարեւոր է, որ հրադադարը պահպանվի, եւ չլինեն մարդկային զոհեր»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքական գործիչը:

Նա անդրադարձավ նաեւ մայիսի 16-ին Վիեննայում տեղի ունեցած եւ առաջիկայում ծրագրված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ հանդիպումներին՝ ասելով. «Ամեն հանդիպումից առաջ շատ անգամներ են ինձ հարցրել, թե արդյոք ինչ-որ արդյունք կունենա, ես դրական եմ պատասխանել, սակայն ոչինչ էլ տեղի չի ունեցել, այս անգամ ես կասեմ՝ չգիտեմ՝ ինչ արդյունք կունենա. իհարկե, ես կցանկանամ տեսնել ինչ-որ փոփոխություն, սակայն ես, անկեղծ ասած, պարզապես իրատես եմ: Իրականությունն այն է, որ 21-րդ դարում մենք պետք է հակամարտությունները լուծենք բանակցությունների միջոցով, այլ ոչ թե մարտի դաշտում բռնության կիրառմամբ, եւ ես հուսով եմ նաեւ, որ Ադրբեջանը կպահպանի բռնություն չկիրառելու իր նախնական խոստումը. տեսնենք»:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը: Հանդիպմանը ներկա են եղել երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մաﬔդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Իսկ հունիսի 3-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաստատեցին նախագահների համաձայնությունը` հունիսին անցկացնելու բանակցությունների հաջորդ փուլը` նպատակ ունենալով վերսկսելու բանակցությունները համապարփակ կարգավորման շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում