ՄԱԿ-ը մտադիր է աշխարհում ավելի քան եռակի նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման դեպքերը

ՄԱԿ-ը մտադիր է աշխարհում ավելի քան եռակի նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման դեպքերը

ՄԱԿ-ը նպատակ է դրել ավելի քան երեք անգամ կրճատել մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) վարակման նոր դեպքերի քանակը եւ զգալիորեն նվազեցնել ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշից (ՁԻԱՀ) մահացությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Քաղաքական հռչակագիրը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի բարձր մակարդակի նստաշրջանի առաջին օրն առանց քվեարկության ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բոլոր 193 անդամների կողմից: Փաստաթուղթը նպատակ է հռչակում մինչեւ 2020 թվականը ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերի քանակի նվազեցումը, ՁԻԱՀ-ից մահերի թվի կրճատումը եւ ՄԻԱՎ-ով ախտահարված մարդկանց նկատմամբ խտրականության բացառումը:

ՄԱԿ-ի տվյալներով՝2015 թվականին ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերի քանակը տատանվել է 1,8 միլիոնից մինչեւ 2,1 միլիոն: Ընդունված հռչակագրի համաձայն՝ հաջորդ հինգ տարվա ընթացքում այս թիվը պետք է կազմի 500 հազարից քիչ: ՁԻԱՀ-ի հետ կապված հիվանդություններից մահացությունը պետք է ներկայիս տարեկան 940 հազար – 1,3 միլիոնից կրճատվի մինչեւ կես միլիոն դեպքից պակաս:

Այսօր աշխարհում 36,7 միլիոն մարդ է ապրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, նրանց մեծ մասն՝ Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած երկրներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում