Օբաման հույս է հայտնել, որ Սանդերսը շուտով կընդունի իր պարտությունը

Օբաման հույս է հայտնել, որ Սանդերսը շուտով կընդունի իր պարտությունը

Բարաք Օբաման հայտարարել է, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների կապակցությամբ անհրաժեշտ Է համարում ընտրողներին հիշեցնել, որ ԱՄՆ-ի նախագահ լինելը լուրջ աշխատանք է, այլ ոչ թե ռեալիթի շոու, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Այդ կերպ նա ակնհայտորեն ակնարկել է Դոնալդ Թրամփի հեռուստատեսային կարիերան, որն ապահովել է Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորությունը: Ինչպես Օբաման ասել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, Թրամփը նախագահի պաշտոնում վնաս կհասցնի ամբողջ երկրին:

Նույն այդ հարցազրույցում Օբաման առաջին անգամ մեկնաբանել է դեմոկրատների ներկուսակցական ընտրությունների արդյունքները: Դրանից մեկ օր առաջ Հիլարի Քլինթոնն ամրապնդել է իր հաղթանակը Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսի նկատմամբ:

«Ես հուսով եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում մենք կկարողանանք հավաքվել միասին,- նշել է Օբաման:- Փրայմերիզների ընթացքում հաճախ է լինում, որ մարդիկ ավելի զգայուն են դառնում»,- հավելել է նախագահը:

Օբաման հույս է հայտնել, որ Սանդերսը մոտ ժամանակնրես կընդունի իր պարտությունը, ինչը թույլ կտա վերականգնել Դեմոկրատական կուսակցության շարքերի միասնությունը:

Հունիսի 8-ին հայտնի է դարձել, որ Քլինթոնը կուսակցական համագումարի պատվիրակների անհրաժեշտ թվով ձայներ է հավաքել, որպեսզի դառնա ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին կինը, որը խոշոր կուսակցության կողմից անվանակարգվել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում