Թուրքիայում որոշել են դատել Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձեւի օգտին քվեարկած թուրք պատգամավորներին

Թուրքիայում որոշել են դատել Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձեւի օգտին քվեարկած թուրք պատգամավորներին

Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւի ընդունումնից հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հունիսի 8-ին Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ «իրավասու գերատեսչությունները և առաջին հերթին արտաքին գործերի նախարարությունը գործողությունների պլան են պատրաստում Գերմանիայի դեմ, որոնք հրապար ակվելու են Թուրքիայի վարչապետի եւ նախագահի կողմից քննարկվելուց հետո:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գերմանական հեղինակավոր Bild թերթին հայտնի է դարձել, որ որպես «պատասխան միջոցառումներ» Թուրքիայում պատրաստվում են դատի տալ Բունդեսթագի այն 11 թուրք պատգամավորներին, ովքեր քվեարկել են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի օգտին:

Bild-ը հայտնել է, որ Թուրքիայում պատրաստվում են նվազագույնը երեք դատական հայցեր Բունդեսթագի թուրք պատգամավորների դեմ: Երկու հայց պատրաստում են թուրքական ոստիկանության արհմիությունները, իսկ երրորդը` թուրքական իրավաբանների միությունը, որոնք արդեն դիմում են ներկայացրել դատախազություն:

Հայցերի համար որպես իրավական բազա ծառայում է Թուրքիայի Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածը, որի համաձայն` թուրքական ազգի, Թուրքիայի Հանրապետության, խորհրդարանի, կառավարության եւ պետական արդարադատության մարմինների հրապարակային վարկաբեկումը ենթակա է 6 ամսից մինչեւ երկու տարի ազատազրկման պատժի:

Ըստ թերթի` դա նշանակում է, որ եթե թուրքական դատարանը Գերմանիայի Բունդեսթագի թուրք պատգամավորներին մեղավոր ճանաչի, ապա Թուրքիա գալու դեպքում նրանք կարող են ձերբակալվել եւ բանտ նետվել:

Հետաքրքիր է, որ Բրյուսելը բազմիցս քննադատել էր Անկարային ՔՕԳ 301-րդ հոդվածի առնչությամբ եւ, որպես Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար խոչընդոտ, խորհուրդ տվել վերացնել մարդու իրավունքներին եւ ազատություններին հակասող այդ հոդվածը, իսկ Եվրոպային հաճոյանալու համար Էրդողանը բազմիցս հայտարարել էր, որ հիշյալ հոդվածն, իբր, այլեւս չի կիրառվում Թուրքիայում:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ, անդրադառնալով Բունդեսթագում Հայոց ցեղասպանութան բանաձեւն ազգությամբ թուրք պատգամավորների կողմից պատրաստվելու փաստին, Էրդողանն ասել էր. «Ի՞նչ թուրք, նրանց արյունը պետք է լաբորատոր քննության ենթարկել»:

Գերմանական Die Zeit պարբերականը հայտնել է, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետո թուրքական ծագում ունեցող բոլոր 11 պատգամավորներն սկսել են մահվան սպառանալիքներ ստանալ:

Սպառնալիքների մեծ բաժին է հասել Կանաչների խմբակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրին: Թուրք պատգամավորները խնդրի մասին հայտնել են Գերմանիայի Դաշնային անվտանգության ծառայությանը: Ջեմ Օզդեմիրի տան մոտ անվտանգության ուժեղացված միջոցառումներ են իրականացվել:

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը բանաձեւ է ընդունել, որում Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային տարիներին հայերի զանգվածային տեղահանություններն ու կոտորածները բնութագրել է որպես ցեղասպանություն:

Փաստաթղթում նաեւ ընդգծվում է, որ Թուրքիան «մինչ օրս հրաժարվում է խոստովանել, որ հայերի տեղահանությունները, հետապնդումներն ու սպանությունները ծրագրված բնույթ են կրել»:

Գերմանացի խորհրդարանականներն այդ բանաձեւը պաշտպանել են ի հակառակ Թուրքիայի կողմից հզոր քաղաքական ճնշման եւ սպառնալիքների: Բանաձեւի ընդունումից անմիջապես հետո Բեռլինում Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Քարսլըօղլուն խորհրդատվությունների համար ետ է կանչվել հայրենիք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում