Բաղդադում առնվազն 22 մարդ է զոհվել կրկնակի ահաբեկչության հետեւանքով

Բաղդադում առնվազն 22 մարդ է զոհվել կրկնակի ահաբեկչության հետեւանքով

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում իրականացված երկու պայթյունների հետեւանքով զոհվել է 22 մարդ, եւս ավելի քան 70 հոգի վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 9-ին հայտնել է Reuters գործակալությունը:

Առաջին պայթյունը տեղի է ունեցել Բաղդադի արեւելյան շրջանում գտնվող առեւտրական թաղամասում. այնտեղ ահաբեկիչները պայթեցրել են ճամփեզրին կայանված ավտոմեքենան, որում պայթուցիկ է եղել: Ոստիկանության տվյալներով, զոհվել է 15 մարդ, ավելի քան 50-ը վիրավորվել են: Գրեթե միաժամանակ իրավապահ մարմինները հայտնել են երկրորդ գրոհի մասին. ավտոմեքենան, որի ղեկին մահապարտ ահաբեկիչն էր, հօդս է ցնդել Բաղդադի հյուսիսային արվարձանի բանակային պահակակետում: Ահաբեկչության զոհ է դարձել յոթ զինվոր, եւս ավելի քան քսանը վերքեր են ստացել:

Բաղդադում իրականացված ահաբեկչական գործողությունները կապում են էլ Ֆալուջայի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների հենարանի վրա իրաքյան բանակի հարձակման հետ: Այդ բնակավայրը գտնվում է Անբար արեւմտյան նահանգում եւ ԻՊ-ի հսկողության տակ է 2014 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում