Չեխայի նախագահն այցելեց Երևանի կոնյակի գործարան

Չեխայի նախագահն այցելեց Երևանի կոնյակի գործարան

Հայաստան կատարած այցի շրջանակներում Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Երևանի կոնյակի գործարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատվիրակությունն այցելեց Երևանի կոնյակի գործարանի հնեցման արտադրամաս: Այնտեղ պատվիրակության ներկայացուցիչներին ներկայացվեց հայկական «Արարատ» կոնյակի պատմությունը և արտադրական պրոցեսը:

Միլոշ Զեմանը կանգ առավ նաև «Խաղաղության տակառի» մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին` ի պատվիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի: Տակառում հնեցվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994 թվականի կոնյակի սպիրտ: Այն կոչվում է «խաղաղության», քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Նախագահն իր ստորագրությունը թողեց նաև գործարանի հուշագրքում:

Ըստ ավանդույթի` Երևանի կոնյակի գործարանի հնեցման արտադրամասի նախագահական անցուղին համալրվեց Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի անվանական տակառով: Նախագահ Զեմանին որպես նվեր հանձնվեց գործարանի հնագույն սպիրտերից պատրաստված կոնյակ` «Արարատ»-ի բացառիկ հավաքածուից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում