Անվտանգության ապահովումը և սոցիալական խնդիրների լուծումը գերակայություններ են. Գալուստ Սահակյան

Անվտանգության ապահովումը և սոցիալական խնդիրների լուծումը գերակայություններ են. Գալուստ Սահակյան

Պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկումը լավ առիթ է նախորդ տարվա ընթացքում իրականացված տնտեսական քաղաքականության արդյունքների գնահատման, առկա անելիքները վեր հանելու և այդ ուղղությամբ համապատասխան քայլերի և մոտեցումների ուրվագծման համար: Ազգային ժողովում ՀՀ 2015 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Իմ խորին համոզմամբ այս հաշվետվության քննարկումները, ինչպես մշտական հանձնաժողովում, այնպես էլ լիագումար նիստում ընթացել են հենց այդ տրամաբանությամբ: Ես չեմ ցանկանում անդրադառնալ հաշվետվության մեջ ներառված թվերին և փաստերին, քանի որ և՛ կառավարության ներկայացուցիչները, և՛ պատգամավորներն արդեն մանրամասն ներկայացրել են դրանք: Չեմ ցանկանում անդրադառնալ 2015 թ. արձանագրված այն ձեռքբերումներին ու հաջողություններին, որոնք նպաստել են պետության բնականոն կյանքի և հասարակության կենսագործունեության ապահովմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:

ԱԺ նախագահի խոսքով՝ այս պահին ավելի արդյունավետ կլինի գնահատել այն առաջնահերթ խնդիրները, որոնց լուծմանը պետք է ուղղված լինի կառավարության գործունեությունը: «Իհարկե, 2015թ. միջազգային ոչ բարենպաստ տնտեսական իրավիճակում Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր երկրներում և հատկապես Ռուսաստանում ի հայտ եկան գործոններ, որոնց բացասական ազդեցությունը խիստ զգալի էր մեր երկրի տնտեսության վրա: Նման պայմաններում հասկանալի է, որ կառավարությունից շատ ավելի մեծ ջանքեր էին պահանջվելու բյուջեի կատարման համար: Ի պատիվ մեր կառավարության՝ պետք է նշեմ, որ 2015թ. պետական բյուջեով նախատեսված բոլոր ծրագրային ծախսերը կատարվել են: Դրանցում գերակշիռ մաս են կազմել սոցիալական ոլորտի և պաշտպանության բնագավառի ֆինանսավորման ծրագրերը: Սա վկայում է այն մասին, որ երկրի անվտանգության ապահովումը և բնակչության սոցիալական խնդիրները շարունակում են մնալ հանրապետության իշխանությունների գործունեության հիմնական գերակայություններ: Ավելին, մի շարք ոլորտներում ստեղծվել են նախադրյալներ առաջընթացի համար»,- ընդգծեց ԱԺ նախագահը:

ԱԺ նախագահը կարևոր է համարում այն հանգամանքը, որ արտաքին տնտեսական անբարենպաստ պայմաններում Հայաստանի կառավարությանը հաջողվել է խուսափել հնարավոր բացասական զարգացումներից և տարին ավարտել 3 տոկոս տնտեսական աճով: «Իհարկե, արձանագրված ձեռքբերումները բավարար չեն երկրում առկա խնդիրները լուծելու համար, և իշխանությունները դա քաջ գիտակցում են: Մենք չպետք է սահմանափակվենք ձեռք բերածով, այլ պետք է շարունակեռնք մեր հետևողական քայլերը երկրի առջև ծառացած քաղաքական ու տնտեսական մարտահրավերներին դիմակայելու համար»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում