Վարչապետն անհրաժեշտ է համարում բացառել ծառայողական ավտոմեքենաների հետ կապված գերատեսչական խնդիրները

Վարչապետն անհրաժեշտ է համարում բացառել ծառայողական ավտոմեքենաների հետ կապված գերատեսչական խնդիրները

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ է համարում բացառել դեպքերը, երբ ՊՈԱԿ-ներին ամրացված ծառայողական ավտոմեքենաներն օգտագործում են նախարարություններն ու գերատեսչությունները: Կառավարությունն այսօր որոշում ընդունեց, որով Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակին ամրացված ավտոմեքենան հետ վերցվեց և ամրացվեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով հարցին՝ վարչապետը նշեց. «Սա այն բազմաթիվ դեպքերից է, երբ ՊՈԱԿ-ների վրա ձևակերպված մեքենաներն օգտագործել են գերատեսչությունները, նախարարությունները: Մենք պետք է բացառենք այդ դեպքերը և բոլորն օրինականացնենք»:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի, Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի, Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի, ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի սեփականություն հանդիսացող չորս ավտոմեքենաները որպես նվիրատվություն տրամադրվեցին ՀՀ առողջապահության նախարարությանը՝ ընթացիկ աշխատանքների պատշաճ իրականացման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում