Կորյուն Նահապետյանը ՆԱՏՕ-ի ԽՎ հանձնաժողովի նիստում հստակ ներկայացրել է, թե ով է սանձազերծել քառօրյա պատերազմը

Կորյուն Նահապետյանը ՆԱՏՕ-ի ԽՎ հանձնաժողովի նիստում հստակ ներկայացրել է, թե ով է սանձազերծել քառօրյա պատերազմը

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի մեկնարկից առաջ վեհաժողովի գլխավոր քարտուղարը առաջարկությամբ դիմել է հայկական և ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարներին՝ նստաշրջանի ընթացքում քննարկման առարկա դարձնել ԼՂ հակամարտության հարցը: Ազգային ժողովում կայացած ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը: «Իհարկե, ձևաչափի հետ կապված կային որոշակի մտահոգություններ, ինչպես նաև առանձին անճշտություններ այդ նամակում, որ ուղարկվել էր գլխավոր քարտուղար Դեյվիդ Հոփսի կողմից: Մասնավորապես, նշվել էր, որ այս հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն է զբաղվում հակամարտության կարգավորմամբ այն պարագայում, երբ պետք է հստակ նշվեր համանախագահող երկրների մասին: Բոլոր այս հարցերի կապակցությամբ մենք գրավոր պարզաբանումներ տվել ենք, ինչպես նաև նշել, որ նպատ ակահարմար չենք համարում խնդիրը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում քննարկել, քանի որ կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ արդյունավետ գործող ձևաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը: Իսկ մնացած բոլոր այլ հարթակներում հատուկ քննարկման առարկա դարձնելը չի բխում հակամարտության կարգավորման համար արդյունավետ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նահապետյանը:

Նա հավելեց, որ ադրբեջանական պատվիրակությունն ընդառաջ էր գնացել և ընդունել էր նստաշրջանի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը քննարկելու հնարավորությունը: «Քաղաքական հանձնաժողովի նիստում օրակարգի հաստատումից հետո հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ հայկական և ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարներին հնարավորություն է տալու հանդես գալ համապատասխան հայտարարությամբ 5 րոպեի սահմաններում: Ես ձայնի իրավունք խնդրեցի և ևս մեկ անգամ ներկայացրեցի մեր դիրքորոշումը և ասացի, որ մենք նպատակահարմար չենք գտնում քնն արկել խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում: Բայց հանձնաժողովի նախագահը որոշակի պատճառաբանություններ բերեց և նպատակահարմար գտավ երկու պատվիրակությունների ղեկավարներին հնարավորություն տալ հանդես գալ համապատասխան հայտարարությամբ»,- մանրամասնեց Կորյուն Նահապետյանը:

Հանձնաժողովի նիստում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ՝ հայկական կողմի հասցեին հնչեցնելով տարբեր մեղադրանքներ ադրբեջանական տարածքներն «օկուպացնելու», ապրիլին ռազմական ագրեսիա նախաձեռնելու վերաբերյալ: «Բնականաբար, այդ հայտարարությանը մենք պետք է արձագանքեինք, և հենց այդ տրամաբանության մեջ է կառուցվել իմ հայտարարությունը: Ամենակարևորն այն է, որ մենք հստակ ներկայացրել ենք, թե ով է սանձազերծել ապրիլյան քառօրյա պատերազմը: Հստակ փաստերով ներկայացվել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմը սանձազերծվել է Ադրբեջանի կողմից, Ադրբեջնաի կողմից կատարվել են պատերազմական հանցագործություններ, ատելության քարոզը, որը երկար ժամանակ իրականացվում է Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության կողմից, այդ մասին ևս հիշատակում եղել է: Ապրիլյան քառօրյա պատերազմին հաջորդող հետևանքները ներկայացնելուց մենք հիշատակել ենք նաև Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու դեպքը: Հայտարարության տեքստում մենք խոսել ենք նաև այն վայրագությունների, խոշտանգումների մասին, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից նաև խաղաղ բնակչության նկատմամբ: Ադրբեջանական պատվիրակությունը մեղադրանք էր հնչեցրել, թե Հայաստանը սպառնում է միջուկային զենք կիրառել Ադրբեջանի դեմ: Մենք շատ կարճ արձագանքել ենք նաև այդ մեղադրանքին: Մենք ներկայացրել ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իր անկախությունը ձեռք է բերել 1991թ. և որևէ նպատակ, իմաստ չէր կարող լիներ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը սանձազերծեր այդ ագրեսիան: Ամբողջությամբ փաստարկվել է այդ հանգամանքը, ներկայացվել է Ադրբեջանում տիրող իրավիճակը: Մենք վերահաստատել ենք մեր կամքը, որ Հայաստանի իշխանությունները չեն տեսնում այս հակամարտության ռազմական կարգավորում: Մենք հիշատակել ենք նաև Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները ու հույս հայտնել, որ միջազգային հանրությունը հետևողական կլինի իր արձագանքներում»,- ասաց Կորյուն Նահապետյանը:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանն անցկացվել է մայիսի 28-30-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում