Չեխիայի կաթոլիկ առաջնորդը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արել

Չեխիայի կաթոլիկ առաջնորդը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արել

Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ և Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկան հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Օրեր» եվրոպական անկախ ամսագիրը, հունիսի 9-ին Կարդինալ Դոմինիկ Դուկան Հայաստանի ու Չեխիայի նախագահներին ուղղված իր նամակում կոչ է արել, որպեսզի Չեխիայի Հանրապետությունը նույնպես Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովրդի ցեղասպանության մասին որոշում կայացնի։

Իր նամակում նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին` քրիստոնեական հիասքանչ Հայաստանի մայրաքաղաք Երևանից իրեն հեռախոսով ողջյուններ փոխանցելու համար։

«Դեռևս անցյալ տարվա նոյեմբերին Հայաստան կատարած իմ այցից, որը տեղի ունեցավ Ձերդ գերազանցության և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով, հիշողությանս մեջ վառ են մնացել հայ ժողովրդի խորը հավատքն ու հյուրընկալությունը։ Մեր նախագահին շնորհակալություն եմ հայտնում 1915 թվականին հայ ժողովրդի ցեղասպանության հուշահամալիրում իր արտահայտած կարծիքի համար։ Անցյալ տարի ինքս ծաղկեպսակ դրեցի այդ հուշարձանին` Նորին սրբության ու իմ հայ ընկերների ուղեկցությամբ։ Նմանապես այդ ցավալի իրադարձությունները հիշատակեցինք Պրահայի Սուրբ Վիտի, Վացլավի և Վոյտեխի տաճարում անցկացված պատարագի ընթացքում։ Շնորհակալ եմ նախագահ Միլոշ Զեմանին իր տեսակետի ու մտադրության համար, որ Չեխիայի Հանրապետությունը, որը հայ ժողովրդի 100-ամյա հիշողության մասին վեպ է նվիրել, ինչպիսին է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», որպեսզի 101 տարի անց Հայոց ցեղասպանության մասին իր վերաբերմունքը հայտնի։ Ցավի և տառապանքի, խորը հավատքի, աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի և առաջին քրիստոնեական պետության նվիրվածությունից աճում է նաև կրոնական ազատության ծառը, փոխադարձ հարգանքն ու եղբայրությունը։ Տ եղին են Հիսուսի խոսքերը. «Ճշմարտությունը կազատի Ձեզ»»,– նշել է Դոմինիկ Կարդինալ Դուկան:

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Երևանում հունիսի 8-ին հայտարարել է, որ ոչ միայն կողմնակից է Չեխիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այլ նաև այդ հարցով դիմելու է երկրի կառավարությանն ու խորհրդարանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում