«Հրապարակ». Աշխատավարձերի յուրացումների կասկածանքով 6-րդ վարչություն են տարվել Գյուղնախարարության ՊՈԱԿ-ի աշխատակիցներ

«Հրապարակ». Աշխատավարձերի յուրացումների կասկածանքով 6-րդ վարչություն են տարվել Գյուղնախարարության ՊՈԱԿ-ի աշխատակիցներ

«Մեր տեղեկություններով՝ երկու օր առաջ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6–րդ) վարչության աշխատակիցներն այցելել են էջմիածնում գտնվող գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ, աշխատակիցներին տարել ոստիկանություն և մինչև ուշ երեկո պահել այնտեղ։ Այս «օպերացիան» կազմակերպված էր պետական հիմնարկում աշխատավարձերի յուրացումների մասին ահազանգեր ստանալու արդյունքում։ Էջմիածինցիները զարմացած են կատարվածից, այս ամենը պատահական չեն համարում, ասում են, որ ՊՈԱԿ-ի տնօրենը՝ Աբրահամ Ղուկասյանը, Արմավիրի մարզպետի մտերիմներից է, և իրավապահները հենց այնպես, առանց «դաբրոյի» կամ «նավոդկայի» նրան չէին անհանգստացնի։ Որոշ շրջանառվող լուրերի համաձայն՝ հնարավոր է իրավապահները հենց գյուղնախարարի խնդրանքով են այցելել հիմնարկ։ Զրուցեցինք «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աբրահամ Ղուկասյանի հետ։ Նա հաստատեց, որ ոստիկանությունում հաղորդում են ստացել, թե իրենց մոտ գրանցված աշխատակից կա՝ պահակ, որն աշխատավարձ է ստանում, բայց աշխատանքի չի գնում։ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են, ՊՈԱԿ-ի երկու աշխատակցի տարել բաժին և այնտեղ պահել մինչև 22:15-ը։

«Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, 87 հա տարածք ունեցող կազմակերպությունում եթե որևէ բան չի անհետացել, ամեն ինչ հսկվել է, ինչպե՛ս կարող է պահակը գործի չգնալ։ Ես ինքս եմ շահագրգռված, որ էս քննությունն առաջ գնա, պարզվի էս ամենը, և այդ կեղծ հայտարարություն տվողը պատասխանատվության ենթարկվի»,– ասաց Աբրահամ Ղուկասյանը՝ ակնարկելով, որ կասկածներ ունի, թե ով կարող է լինել նման հայտարարություն տվողը, բայց առայժմ չի հրապարակի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում