Իսրայելում Պաղեստինի բոլոր քաղաքացիների մուտքի արգելք են սահմանել ահաբեկչությունից հետո

Իսրայելում Պաղեստինի բոլոր քաղաքացիների մուտքի արգելք են սահմանել ահաբեկչությունից հետո

Իսրայելական բանակը հունիսի 10-ին հայտարարել է երկիր Պաղեստինի բոլոր քաղաքացիների մուտքի ժամանակավոր արգելք սահմանելու մասին Թել Ավիվում կատարված ահաբեկչական գործողությունից հետո, որը չորս մարդու կյանք է խլել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով գործակալությանը:

Հունիսի 9-ին հաղորդվել էր, որ իսրայելացի զինվորականները Թել Ավիվում կատարված ահաբեկչական գործողությունից հետո հայտարարել էին երկիր մուտքի թույլտվությունների գործողության դադարեցման մասին, որոնք 83 հազար պաղեստինցիների տրվել էին մուսուլմանական Ռամադան սրբազան ամսվա առթիվ:

«Կառավարության ցուցումներին եւ ներկայիս իրադրության գնահատմանը համապատասխան, մուտքը Գազայի հատվածից, Հուդայի երկրից եւ Սամարիայից (Հորդանան գետի արեւմտյան ափ) պաղեստինցիների համար բաց կլինի սոսկ բժշկական եւ հումանիտար դեպքերում»,- գործակալությանը հայտարարել է բանակի ներկայացուցիչը: Նա նշել է, որ այդ արգելքը կգործի մինչեւ հունիսի 12-ի կեսգիշեր:

Հունիսի ութին երկու պաղեստինցիներ Թել Ավիվում ինքնաձիգ զենքով կրակ են բացել քաղաքացիների եւ զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող «Սարոնա» ծածկած շուկայի մոտ, որը գտնվում է պաշտպանության նախարարության եւ գլխավոր շտաբի շենքերի համալիրի դիմաց: Ահաբեկչական գործողության զոհ է դարձել չորս մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում