Աղվան Վարդանյանը ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև քաղաքական համաձայնագիրը երկրում արմատական բարեփոխումների հնարավորություն է համարում

Աղվան Վարդանյանը ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև քաղաքական համաձայնագիրը երկրում արմատական բարեփոխումների հնարավորություն է համարում

ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև քաղաքական հուշագիրը նոր հնարավորություններ է տալիս երկրում արմատական բարեփոխումներ իրականացնելու համար: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Այդ համաձայնագիրը նոր դռներ է բացում երկրում լուրջ, արմատական բարեփոխումներ իրականացնելու համար, որտեղ ՀՅԴ-ի դերակատարումը շատ մեծ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վարդանյանը:

Աղվան Վարդանյանը չմոռացավ նաև շնորհավորել լրագրողներին Ազգային ժողովի հերթական նստաշրջանն ավարտելու կապակցությամբ և կատակեց, որ որևէ լրագրող նստաշրջանի ընթացքում վնասվածք չի ստացել: Լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ քաղաքական ուժերը վնասվածքներ ստացե՞լ են: «Քաղաքական ուժերը վնասվածքներ ամեն օր են ստանում իրենց գործունեության ընթացքում: Եթե նկատել եք՝ քաղաքական մթնոլորտը մի փոքր ավելի թեժ է դարձել, որոշ քաղաքական ուժեր դեռ երկու տարի առաջ արդեն նախընտրական շրջանի մեջ էին: Մենք այն քաղաքական ուժն ենք, որ անընդհատ խոսելը արդյունավ ետ չենք համարել, այլ ճիշտ ենք համարել ծանրակշիռ աշխատելը: Սակայն քաղաքական ուժերը ստանում են վնասվածքներ, բայց դա հանրության արձագանքն է»,- ասաց Վարդանյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՅԴ-ն հայտարարել է, որ կողմ չի քվեարկելու ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությանը՝ Վարդանյանը նշեց, որ դա շատ բնական քաղաքական դիրքորոշում է: «Եթե հակառակը լիներ, ես կարծում եմ, որ դուք մեզ կքննադատեիք և վնասվածք կհասցնեիք»,- կատակը շարունակեց ՀՅԴ խմբակցության քարտուղարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում