Մենաշնորհին պետք է մասնագիտական գնահատական տրվի, ոչ թե տնայնագործական. կան վարչարարական և տնտեսական խոչընդոտներ (տեսանյութ)

Մենաշնորհին պետք է մասնագիտական գնահատական տրվի, ոչ թե տնայնագործական. կան վարչարարական և տնտեսական խոչընդոտներ (տեսանյութ)

Եթե կառավարությունը հայտարարում է, որ  չպիտի լինի մենաշնորհ,  պիտի ասի  նաև, թե ով էր տվել դրա հրամանը, այլապես ստացվում է, որ փորձում են բուժել առանց հիվանդության պատճառներն իմանալու: Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց  ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Եթե չասենք, թե պաշտոնական մենաշնորհն ինչի հետևանք էր իրավական և քաղաքական առումով, չենք կարող բուժել: Առանց պատճառը, գնահատականը տալու փորձում են բուժել: Մենաշնորհին պետք է մասնագիտական գնահատական տրվի, ոչ թե տնայնագործական: Եթե կա ոչ պաշտոնական մենաշնորհ, ձեր ձեռքն է, որ արգելեք, օրինակ՝ շաքարավազի, բենզինի շուկայում: Երկու-երեք սուբյեկտ է աշխատում, չորրորդը չի մտնում, որովհետև կարող են լինել վարչարարական և տնտեսական արգելքներ: Վարչարարականը, որը պետությունն է անում, հետևյալն է՝ բերում եք այդ ապրանքը և սահմանի վրա կիրառում են այնպիսի հսկիչ գին, որից ակնկալվող մաքսատուրքը և ավելացված արժեքի հարկը քեզ  համար մի թիվ է, մյուսի համար՝ այլ: Այսինքն՝ եթե դու ավելի շատ ես վճարում, հայտնվում ես անհավասար պայմաններում: Երկրորդ՝ Սննդի անվտանգության ծառայությունը կարող է սերտիֆիկացման, ապրանքի որակի հետ կապված տեխնիկական խնդիրներ առաջացնել: Ինչ վերաբերում է զուտ տնտեսական խոչընդոտներին, ապա եթե ինչ-որ սուբյեկտ ունի մենաշնորհ, դա չի արվել մեկ տարում, ինքը 10-15 տարվա ընթացքում  արտադրողից հարմար գնով է վերցնում, այդ հարաբերություններն արժեք են, ուստի եթե ես ուզենամ նույն  ապրանքը բերել, այլ գին կլինի և մենաշնորհ ստացած մրցակիցը դեմպինգ կանի և ինձ դուրս կմղի շուկայից: Սրանց պետությունը պիտի ժամանակին հետևեր»,-շեշտեց պատգամավորը՝ նշելով, որ Կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարելով փորձում է վերականգնել հասարակության վստահությունը, ինչը քաղաքական էֆեկտն է խնդրի, իսկ տնտեսականը շատ թույլ է:

Ըստ Մելքումյանի՝ գերատեսչություններում փոխնախարարներից միայն երկուսն են ակտիվ աշխատում, մնացածի դեպքում  պաշտոնների նշանակման հարց է լուծվել.«Բացի ուժային կառույցներից, մյուս տեղերում 2 փոխնախարարը բավական է: Ի դեպ, պետք է չանտեսեն նաև բուհերը, որտեղ 6-7 պրոռեկտոր կա,  դեկանի տեղակալներ, պետական փողեր են չէ՞»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում