Ադրբեջանում ճնշում են գործադրում քաղբանտարկյալներին ազատելու կոչ արած ակտվիստի հարազատների նկատմամբ

Ադրբեջանում ճնշում են գործադրում քաղբանտարկյալներին ազատելու կոչ արած ակտվիստի հարազատների նկատմամբ

Ադրբեջանի իրավապահ մարմինները սկսել են ճնշում գործադրել հայտնի բլոգեր եւ լրագրող, Բեռլինում գործող ընդդիմադիր Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի աշխատակից Հաբիբ Մունթազիրի՝ Բաքվում գտնվող հարազատների նկատմամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մունթազիրը «Թուրան»-ին հայտնել է, որ երեկ եւ այսօր քաղաքացիական հագուստով անձինք Բաքվում այցելել են իր հարզատներին եւ սկսել ճնշում գործադրել` պահանջելով, որպեսզի ինքը դադարեցնի «խայտառակել Ադրբեջանի նախագահին»:

«Նրանք իրենց հետ տարել են իմ հորեղբոր որդիներին եւ մի քանի ժամ պահել անհայտ վայրում` ճնշում գործադրելով, որպեսզի ես դադարեցնեմ քննադատել պետության ղեկավարին:

Այսօր տարել են իմ երկու հորեղբայրներին եւ մինչ այժմ բաց չեն թողել: Ընդ որում, իրավապահները, որոնք չեն ներկայացել, գրանցել են իմ բոլոր հարազատների կոորդինատներն ու տվյալները», -ասել է բլոգերը:

Հաբիբ Մունթեզիրը համոզված է, որ այդ ճնշման պատճառը հանդիսանում է մի քանի օր առաջ Բեռլինում Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի գրասենյակի առաջ իր ակցիան, որտեղ տեղի էր ունենում նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Շենքից Ալիեւի դուրս գալու ժամանակ Մունթեզիրը Ադրբեջանում քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու պահանջով մի քանի անգամ լոզունգներ է բացականչել:

Միջազգային եւ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն` ներկայում Ադրբեջանում մոտ 100 քաղաքական բանտարկյալներ կան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում