ՀՀ ընտրողների ռեգիստրից հանվել են շուրջ 1019 մահացածի անհատական տվյալները
Նմանատիպ
ՀՀ ոստիկանության կողմից 2013թ. հունվարի 23-ին ամփոփվել են բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունքները, որի արդյունքում մահացած քաղաքացիների մերձավոր ազգականների շրջանում իրականացված բացատրական աշխատանքների շնորհիվ ՀՀ ընտրողների ռեգիստրից հանվել են շուրջ 1019 մահացածի անհատական տվյալ, որոնց վերաբերյալ սահմանված կարգով և ժամկետում բնակչության պետական ռեգիստրը չի տեղեկացվել, հաղորդում է ոստիկանության պաշտոնական կայքը:
Ոստիկանության ծառայողներն այցելություններ են կատարել պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում փոխհատուցման կարգով նոր բնակարաններ ստացած 15308 քաղաքացիների բնակարաններ, որոնցից 12657-ին պարզաբանել են բնակչության պետական ռեգիստրի մասին օրենսդրության պահանջները՝ քանդված, փլուզված կամ այլ կերպ գոյություն չունեցող հասցեների հաշվառումից հանվելու և իրական բնակության վայրի հասցեներում հաշվառվելու վերաբերյալ, իսկ 2651-ին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն արդյունք չեն տվել:
Արդյունքում՝ 22.01.2013 թ. դրությամբ 1377 քաղաքացիներ հաշվառվել են փոխհատուցման կարգով ստացած նոր բնակելի տարածությունների հասցեներում:
Բնակչության պետական ռեգիստրում քաղաքացիների անհատական տվյալների ճշտությունն ապահովելու նպատակով բնակչության պետական ռեգիստրի պահոցից առանձնացվել են նաև այն հասցեները, որոնցում հաշվառված են 10 և ավելի քաղաքացիներ:
Ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ծառայողները այցելություններ են կատարել 11924 հասցեներ, որոնցից 817-ում քաղաքացիներ չեն բնակվել, իսկ 278-ը եղել են սեփականատեր չունեցող հասցեներ, չհասցեավորված շինություններ, հիմնարկ-ձեռնարկություններ, հասարակական նշանակության օբյեկտներ:
Ոստիկանության աշխատակիցները սեփականատերերին պարզաբանել են տարածքային անձնագրային ծառայություններ դիմելու և իրենց բնակարաններում հաշվառված, սեփականության և օգտագործման իրավունք չունեցող անձանց հաշվառումից հանելու օրենսդրությամբ վերապահված իրավունքները:
Ռեգիստրում տվյալների ճշգրտման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունքները շարունակելու են հրապարակվել ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքէջում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում