Հայաստանն ու Լատվիան համաձայնեցրել են 2013թ. երկկողմ համագործակցության օրակարգը
Նմանատիպ
Հունվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, Զոհրաբ Մնացականյանը Լատվիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց ԱԳ նախարար Էդգարս Րինկևիչսի հետ: Կայացած զրույցի ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը ստացել է պարբերական, առարկայական և արդյունավետ բնույթ:
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդմամբ՝ կողմերը մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ հարաբերություններին: Զոհրաբ Մնացականյանը նախարարին ներկայացրեց ՀՀ-ԵՄ համագործակցության ձեռքբերումներն ու իրականացվելիք քայլերը մինչև Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության երկրների գագաթաժողովը: Կարևորվեց 2015թ. առաջին կիսամյակում Լատվիայի ԵՄ նախագահության շրջանակներում երկկողմ համագործակցության խորացումը:
Նախարարի հետ հանդիպմանը հաջորդեցին քաղաքական խորհրդակցությունները Լատվիայի ԱԳՆ քաղաքական հարցերով տնօրեն Անդրեյս Պիլդեգովիչսի հետ: Հանդիպման ընթացքում համաձայնեցվեց 2013թ. երկկողմ համագործակցության օրակարգը, ինչպես նաև ծավալուն քննարկումներ կայացան բազմակողմ, տարածաշրջանային, Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչվող խնդիրներին:
Այցի շրջանակներում քննարկումներ անցկացվեցին Լատվիայի Համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ’ Արևելյան գործընկերություն համագործակցության շրջանակներում Հայաստանին վերաբերող հարցերի, ԵՄ-Լատվիա-Հայաստան փոխգործակցության վերաբերյալ: Լատվիական կողմը ներկայացրեց Լատվիայի և Հայաստանի միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության վերաբերյալ ուշագրավ առաջարկներ:
Նույն օրը Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Լատվիայի Սաեյմայի (խորհրդարան) փոխխոսնակ Անդրեյս Կլեմենտյևսի հետ, որի ընթացքում արծարծվեց խորհրդարանական համագործակցության ժամանակացույցը:
Լատվիայի Սաեյմայում փոխնախարար Մնացականյանը հանդիպումներ ունեցավ նաև Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Օյարս Կալնինշի հետ, ինչպես նաև Լատվիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Իգոր Կլեմենտյևի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում