Կառավարությունը շարունակում է աշխատել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ. Դավիթ Հարությունյան

Կառավարությունը շարունակում է աշխատել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ. Դավիթ Հարությունյան

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը համաձայն չէ տեսակետի հետ, թե կառավարությունը կրճատել է միայն չշահագործվող ծառայողական մեքենաները: Ազգային ժողովում Դավիթ Հարությունյանը նշեց, որ նման տեսակետն անուշադրության հետևանք է: «Եթե դուք ուշադիր հետևեք այն աղյուսակին, որ կառավարությունը հաստատել է, թե քանի մեքենա էր ֆինանսավորվում 2016թ. պետական բյուջեով և քանի մեքենա է ֆինանսավորվելու 2017 թ. բյուջեով, կտեսնեք տարբերությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:

Հարցին, թե ի՞նչ արդյունքներ է արձանագրել կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, Դավիթ Հարությունյանը վստահեցրեց, որ կառավարությունն այդ ուղղությամբ շարունակում է աշխատել:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ կա՞ հնարավորություն մինչև 2017 թ. խորհրդարանական ընտրություններ բոլոր ընտրողներին ապահովել նույնականացման քարտերով: Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ այդ ուղղությամբ ևս աշխատանքներ տարվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում