Օռլանդոյի ողբերգությունը չի ազդի Գերմանիայի քաղաքականության վրա. Մերկել

Օռլանդոյի ողբերգությունը չի ազդի Գերմանիայի քաղաքականության վրա. Մերկել

ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքում մարդկանց գնդակահարումը չի ազդի դռնբացության եւ հանդուրժողականության այն քաղաքականության վրա, որը վարում է Գերմանիան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը:

«Սիրտս ծանրացած է, կարծում եմ՝ ես խոսում եմ այստեղ Գերմանիայից ներկա գտնվող բոլոր հյուրերի անունից, որ մեկ մարդու ատելությունն ու չարությունը 50-ից ավելի մարդու կյանք արժեցավ: Բայց մենք հաստատ մտադիր ենք, նույնիսկ եթե նման ծանր հանցագործությունները խորը վիշտ են պատճառում մեզ, շարունակել մեր բաց ու հանդուրժող կյանքը»,– ասել է Մերկելը՝ հունիսի 13-ին Պեկինում ելույթ ունենալով գերմանա-չինական միջկառավարական կոնսուլտացիաների ընթացքում: Կառավարության ղեկավարի ելույթի ձայնագրությունը զետեղված է Twitter-ում:

Կանցլերի խոսքով՝ ինքը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային կփոխանցի «ցավակցության ու կարեկցանքի խոսքեր»: Մերկելը նաեւ ցավակցություն է հայտնել զոհվածների ու վիրավորների ընտանիքներին:

Հունիսի 12-ին Օռլանդոյում զինված հարձակման են ենթարկվել գիշերային ակումբի այցելուները: Ըստ վերջին տվյալների, զոհվել Է 49 մարդ, եւս 53-ը տուժել են: Հանցագործն սպանված է: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման տեղի ունեցածը որակել է ահաբեկչական գործողություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում