Լավրովը եւ Քերին քննարկել են Սիրիայի խնդրի շուրջ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի գործակցության հնարավորությունները

Լավրովը եւ Քերին քննարկել են Սիրիայի խնդրի շուրջ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի գործակցության հնարավորությունները

ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի փոխգործակցության հնարավորությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:

«Քննարկվել են Սիրիայի իրադրությունը, ներառյալ այնտեղ գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում ռուս-ամերիկյան գործակցության հնարավորությունները,- նշել են դիվանագիտական գերատեսչությունում:- Լավրովը վերստին ընդգծել է «Ալ Քաիդա»-ի հետ կապված եւ «չափավոր» ընդդիմության ջոկատների քողի ներքո հարձակողական գործողություններ իրականացնող «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումից սիրիական հակակառավարական այն ուժերի շուտափույթ սահմանազատման անհրաժեշտությունը, որոնք կողմնորոշված են դեպի ԱՄՆ: Մատնանշվել է նաեւ Թուրքիայի հետ բաց սահմանով ահաբեկիչների մատակարարման անթուլատրելիությունը»:

Բացի այդ, ՌԴ-ի ԱԳ նախարարը եւ ԱՄՆ-ի պետքարտուղարը քննարկել են Ուկրաինայի հակամարտության թեմատիկան: «Արծարծվել են միջազգային այլ հիմնախնդիրներ, ներառյալ Ուկրաինայի հակամարտության թեմատիկան, եւ երկկողմ հարաբերությունների մի քանի հարցեր»,- նշել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում