ԼՂՀ նախագահի մակարդակով Բելգիա այցելությունը Արցախի ճանաչման միջոցներից է. Պետո Դեմիրճյան

ԼՂՀ նախագահի մակարդակով Բելգիա այցելությունը Արցախի ճանաչման միջոցներից է. Պետո Դեմիրճյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը Բելգիա քաղաքական կարևոր նշանակություն ունի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը: Նրա խոսքով, այցի ընթացքում շեշտադրվել են մի քանի հարցեր` Բելգիայի քաղաքական գործիչներին ղարաբաղյան խնդրի իրական պատկերի ներկայացում, Արցախի հետ հարաբերությունների խորացում, Ադրբեջանի սանձազերծած գործողությունների մանրամասն ներկայացում:

«ԼՂՀ նախագահի մակարդակով Բելգիա այցելությունը, ունեցած հանդիպումները ոչ միայն նպաստում են հարաբերությունների խորացմանն, այլև Արցախի ճանաչման միջոցներից են: Նա բավական հագեցած ծրագրով էր Բելգիայում, հանդիպումներ եղան ինչպես Հայ դատի գրասենյակի անձնակազմի, տեղի հայ համայնքի, այնպես էլ տարբեր մակարդակներում խորհրդարանների պատգամավորների հետ: Նպատակն էր Արցախի հետ կապերն ամրապնդելը, հարաբերություները խորացնելը: Բակո Սահակյանը դարձավ Մեխելեն քաղաքի պատվո հյուրը: Հատկանշական է, որ նա գրառում կատարեց Մեխելեն քաղաքի պաշտոնական գրքում, որտեղ գրառում են թողնում տարբեր երկրների նախագահներ վարչապետներ, թագավորներ»,- ասաց Պետո Դեմիրճյանը:

Նա Բակո Սահակյանի այցելության ընթացքից կարևոր համարեց մի քանի շեշտադրումներ. նախ այն, որ պատգամավորներին ոչ միայն ներկայացվեց ղարաբաղյան խնդրի իրական պատկերը, այլև ընդգծվեց` Ադրբեջանի սանձազերծած գործողություններին պետք է տալ հասցեական գնահատական:

«Արցախը վճռական է խաղաղության պահպանման հարցում, ձգտում է առաջ շարժվել ժողովրդավարական կարգով, իսկ Ադրբեջանը խոչընդոտում է: Սա է եղել Բակո Սահակյանի ուղերձն` ընդգծելով, որ Ադրբեջանին ուղղված խոսքերը պետք է լինեն թիրախավորված: Ու եթե պետությունը ճանաչված չէ, ապա դա չի նշանակում, որ իրավունք չունի արարելու, ստեղծագործելու, այլ երկրների հետ հարաբերություններ ունենալու»,-ասաց Պետո Դեմիրճյանն` ընդգծելով, որ Բակո Սահակյանի այցը նաև տեղի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է եղել:

Արցախի նախագահը ելույթ է ունեցել ակադեմիական շրջանակում` Համալասարանական հիմնադրամում: Նա հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի հետ: Հայ համայնքն իր պատրաստակամությունն է հայտնել սատարելու Արցախին: Պետո Դեմիրճյանը տեղեկարցեց, որ առաջիկայում առավել ակտիվանալու են Արցախի պետական, քաղաքական գործիչների այցելությունները Եվրոպա: Շատ կարևոր է ղարաբաղյան խնդրի մասին անձամբ եվրոպացի գործընկերներին ներկայացնելը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության այցը Բելգիա կազմակերպվել էր Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում