Փոխզիջում չի նշանակում կապիտուլացիա. 4+4+4 փաստաթուղթը ստորագրվեց (տեսանյութ)
Նմանատիպ
Ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձևաչափով քննարկումների մասնակից խորհրդարանական քաղաքական ուժերը ստորագրեցին նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպման տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փախհամաձայնության մասին հայտարարությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կայացած հերթականհ անդիպման ընթացքում հայտարարության տակ ստորագրեցին ՀՀԿ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը:
Նիստի մեկնարկին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընթերցեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նամակը, որում նրանք հայտնում են, որ դրական են գնահատում այն տեղաշարժը, որ կայացել է 4+4+4 ձևաչափով քննարկումների ընթացքում, սակայն չեն ստորագրելու հայտարարության տակ: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն առաջիկայում հանդես կգան նաև հայտարարությամբ:
Ներկայացնելով ՀԱԿ-ի տեսակետը` Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ գոյություն ունի համաձայնեցված տեքստ, որը իրենք պատրաստ են ստորագրել:
«Կարծում ենք, որ սա առանց չափազանցության կարելի է համարել պատմական իրադարձություն: Արդյունքները խոսուն են և ցույց են տալիս, որ լուրջ գործ է արվել, իշխանությունները ընդառաջ են գնացել քաղաքացիական հասարակությանը, հանրությանը: Կարծում ենք, որ այս համաձայնագրով չի երաշխավորում 100 տոկոսանոց արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը, չեն լուծվում բոլոր խնդիրները, չի լուծվում ընտրակաշառքի, ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահման խնդիրը, սակայն լուծվում է խնդիրը` կապված ընտրական տարածքում ընտրական գործընթացի վերահսկման հետ: Սա հույս է ստեղծում, որ մենք ունենանք ազատ և արդար ընտրություններ: Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք, որ ՀԱԿ-ը պատրաստ է ստորագրել այս լայն համաձայնությունը»,- եզրափակեց Զուրաբյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ համաձայնեց Լևոն Զուրաբյանի հետ այն հարցում, որ որևէ իդեալական օրենք չի լուծելու խնդիրները, եթե չկա քաղաքական կամք: «Ես սա կարևորում եմ այն առումով, որ մեր երկրում քաղաքական դաշտը վերջին շրջանում աղճատվել էր, քաղաքական բանավեճի մակարդակը շատ ցածր էր, ուստի քաղաքակիրթ բանավեճի այս դրսևորումը ես դրական եմ համարում, որովհետև մենք առջևում լուրջ փորձություններ ունենք, մենք կարևոր քայլ ենք անում կուսակցությունների կայացման համար: Սա պետք է օրինակ լինի, որ փոխզիջում, չի նշանակում սեփա կան սկզբունքներից հրաժարվել, դա նշանակում է լավագույն լուծումը գտնել: ԲՀԿ-ն նույնպես միանում է այս համատեղ հայտարարությանը»,- ասաց Զոհրաբյանը:
Հայտարարությանը միանալու մասին հայտարարեց նաև ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Մենք կարևորելով այս քննարկումների արդյունքում ձեռք բերված համաձայնությունը: «Կարծում եմ, որ այս փաստաթուղթը, կբարելավի ընտրական օրենսգիրքը և մասամբ կվերացնենք կրկնակի քվեարկություները: Մենք նույնպես միանում ենք հայտարարությանը»,- հայտարարեց Հովհաննես Մարգարյանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ընդգծեց, որ սա իսկապես աննախադեպ հաջողություն է:
«Մենք երկար փորձ ունենք ընտրությունների մեջ լինելու, համաձայնությոնւների հասնելու առումով, և ես չեմ հիշում դեպք, որ մենք ունենանք այսպիսի նախադեպ, որ Ազգային ժողովի բոլոր քաղաքական ուժերը համաձայնության գան այնպիսի կարևոր փաստաթղթի շուրջ, ինչպիսին ընտրական օրենսգիրքն է: Ես իսկապես սա հաջողություն եմ համարում: Ես ցանկանում եմ բոլորին շնորհավորել այս արդյունքի համար, որովհետև ներդրվել է ամեն ինչ, որպեսզի հասնենք այս արդյունքին»,- ասաց Ռուստամյանը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ կարևորեց ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի ձևավորումը` ընդգծելով, որ սովորաբար հասարակությունը երբեք ամբողջովին չի ուսումնասիրում ընտրական օրենսգիրքը, և այս դեպքում կարևոր է քաղաքական ուժերի տեսակետը: «Այս աշխատանքը հեշտ չէր, ես ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, որովհետև մենք շատ մոտ էինք ձախողմանը: Շատ ուրախ եմ, որ երկուստեք կամք գտնվեց հաղթահարելու դժվարությունները և քայլ կատարելու համար, որն էլ կոչվում է կոնսենսուս: &n bsp;Սրանով մենք հիմք ենք դնելու մեր հետագա համագործակցության համար: Մենք շարունակելու ենք ունենալ հակառակ կարծիքներ, սակայն դա չի նշանակում համատեղ աշխատանքի և խնդիրների համատեղ լուծման բացառում»,- եզրափակեց Հարությունյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում