Ն.Փաշինյանը ներկայացրել է իր՝ «Քաղաքացիական պայմանագիր» նախագիծը
Նմանատիպ
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իր՝ «Քաղաքացիական պայմանագիր» նախագիծը, որում մասնավորապես նշվում է.
«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացիներ.
Ինչպես եւ հայտարարել էի, հանրությանն եմ ներկայացնում խոստացված մի նախագիծ, որ կոչվում է Քաղաքացիական պայմանագիր: Սա մի փաստաթուղթ է, որտեղ ներկայացրել եմ հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մղվող պայքարի, դրա խնդիրների, նպատակների եւ միջոցների մասին պատկերացումներ, կամ՝ ավելի ճիշտ, ուրվագծել պատկերացումների շրջանակ, բազմաթիվ դետալների ձեւակերպումը թողնելով ընթացիկ, աշխատանքային ապագային: Այսօրվա խնդիրն, ինչ խոսք, փաստաթղթի նախագիծը հանրությանը ներկայացնելն է եւ միայն դա: Այսուհանդերձ, մեկ-երկու նրբերանգի ցանկանում եմ անդրադառնալ:
Նախ՝ եւս մեկ անգամ ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ սա նախագիծ է, ինչից բխում է, որ փաստաթուղթը կարող է ենթարկվել փոփոխությունների: Եթե հետաքրքրված քաղաքացիները այն ընթերցելուց հետո կունենան որոշակի առաջարկություններ, հաճույքով կքննարկեմ դրանք, որպես հեղինակ ընդունելու, կամ չընդունելու իրավունքից օգտվելով:
Ընդունելու լինեմ որեւէ առաջարկություն, թե ոչ՝ հույս ունեմ, դրանց վերաբերյալ քննարկումն իրականացնել հրապարակային՝ հասկանալիորեն շարադրելով վերաբերմունքս ամեն առաջարկի վերաբերյալ: Գուցե թե առաջարկություններ չլինեն, լինեն ինչ-որ հարցեր. հաճույքով կպատասխանեմ այդ հարցերին նույնպես, եւ դա կանեմ հրապարակային: Ոմանք գուցե ոչ հարց ունենան, ոչ առաջարկ, բայց փաստաթղթի վերաբերյալ ունենան ինչ-որ դիտարկումներ. հաճույքով կքննարկեմ նաեւ այդ դիտարկումները՝ քննադատական լինեն, թե ոչ: Կարճ ասած’ հույս ունեմ, որ փաստաթղթի, հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մղվող հետագա պայքարի, անելիքների, նպատակների մասին կենդանի քննարկում կծավալվի, որովհետեւ ի վերջո, սա մի ասելիք է, որ վերաբերվում է բոլորիս: Մենք պիտի խոսենք մեր անցած ու անցնելիք ճանապարհի մասին, պիտի բուռն բանավեճեր ունենանք, պիտի լուծումներ գտնենք, որովհետեւ դա մեր, բացառապես մեր անելիքն է. նկատի ունեմ ՀՀ քաղաքացիներին, Սփյուռքի մեր հայրենակիցներին, ովքեր հույս ունեմ, հավատում եմ՝ տեսանելի ապագայում պիտի շահագրգիռ ներգրավվածություն ունենան Հայաստանի Ազատ եւ Քաղաքացիական ապագայի, ավելի ճիշտ, ներկայի կերտման գործում: Ասելիքի այս հատվածն ամփոփելով, առաջարկում եմ պայմանավորվել կապի մասին: Խնդրում եմ, այս թեմային վերաբերող ասելիքը՝ առաջարկներ, հարցեր, դիտարկումներ, ուղարկել qaxpaymanagir@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեով: Առաջիկա շրջանում ամենօրյա ռեժիմով հետեւելու եմ հասցեին, հանրության հետ ակտիվ կապը պահպանելու համար: Հաճույքով կծանոթանամ առաջարկներին, հարցերին, նամակներին եւ դրանց անդրադարձ կկատարեմ «ՀԺ»-ի էջերում, իմ անհատական կայքում:
Ի սկզբանե մտածում էի, որ այստեղ մեկնաբանեմ բուն փաստաթղթի բովանդակության հետ կապված մի շարք հարցեր: Բայց երեւի, հիմա դա անելու կարիք չկա: Երեւի բովանդակության մասին կխոսեմ առաջին հարցերն ու արձագանքները ստանալուց հետո: Սա ավելի առարկայական խոսակցություն կլինի, եւ հնարավորություն կունենամ խոսել ոչ թե այն նրբությունների մասին, որ ինձ են հետաքրքրում, այլ այն ամենից, ինչ հետաքրքրում է Ձեզ: Չնայած համոզված եմ՝ մեր հետաքրքրությունները հիմնականում համընկնելու են:
Ի դեպ, հատուկ ընդգծեմ, որ այս քննարկումն ինքնանպատակ չէ: Քաղաքացիական պայմանագիրը քննարկումների արդյունքում պետք է ստանա վերջնական տեսք, եւ դրանից հետո պատիվ կունենամ դրանով հետաքրքրված քաղաքացիներին առաջարկել, խնդրել, որ միանան Պայմանագրին: Հաջորդ փուլում՝ այսինքն, որի ժամկետները նույնպես կքննարկենք, քաղաքացիները հնարավորություն կստանան սահմանված կարգով միանալ Պայմանագրին, եւ նրա գործունեությունը այդպիսով կլինի մեկնարկած: Մեր պայքարը անկասելի է, մեր Հաղթանակը անխուսափելի է: Աստված մեզ օգնական:
Քաղաքացիական պայմանագիր
1. Սույն պայմանագրի մասնակիցների նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ հասարակական, քաղաքական, իրավական, կենցաղային նոր հարաբերությունների հաստատումն է՝ հիմնված՝ օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության, Մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության եւ կիրառելիության, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության, Հայ ժողովրդի ազգային ինքնության, ինքնուրույնության եւ ինքնիշխանության պահպանման եւ զարգացման, Հայաստանի ժողովրդին իշխանության կրողի իրական լծակներով օժտելու հրամայականների վրա: Պայմանագրի մասնակիցները համաձայն են համատեղել ջանքերը սույն պայմանագրում ամրագրված նպատակների եւ խնդիրների իրագործման համար:
2. Սույն պայմանագրի մասնակիցները ընդունում են, որ անհատի վերափոխումը հանրային վերափոխման կարեւորագույն միջոց է, Պայմանագրին իրենց միանալու պահը համարում են մի զրոյական-հաշվարկային կետ, որից յուրաքանչյուրը սկսում է հանրային վերափոխման գործընթաց, այդ նպատակին միտված կարեւորագույն անելիքներից մեկը համարելով՝ սեփական անձի վերափոխումը: Սույն պայմանագրին միանալը ինքնահայեցման, հանրային եւ սեփական-անհատական արատների պատճառահետեւանքային կապը դիտարկելու, սեփական-անհատական արատները զննելու եւ դրանցից ձերբազատվելու, հանրային արատները արմատախիլ անելու համար համատեղ պայքարելու պատրաստակամություն է: Սույն պայմանագրի մասնակիցը սեփական անձի զարգացումը՝ հմտությունների, գիտելիքների, իմացության ձեռքբերումն ու կատարելագործումը դիտարկում է, իբրեւ հանրային բարեփոխումների, զարգացման կարեւորագույն բաղադրիչ:
3. Սույն պայմանագրի անդամ կարող է դառնալ 18 տարին բոլորած ՀՀ յուրաքանչյուր բնակիչ, ինչպես նաեւ 18 տարին լրացած յուրաքանչյուր սփյուռքահայ: Պայմանագրին որեւէ մարդու միանալը նշանակում է, որ նա անկուսակցական է կամ պայմանագրին միանալու պահից դադարեցնում է մինչ այդ ունեցած կուսակցական պատկանելությունը:
4. Պայմանագրի մասնակիցը հռչակում է իր հետեւյալ պարտավորությունները.
ա) երբեւէ չարտագաղթել Հայաստանից. Սփյուռքում բնակվող մարդու միանալը սույն պայմանագրին նշանակում է նրա պարտավորությունը՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում ձեռնարկել Հայաստան մշտական բնակության տեղափոխվելու գործընթաց:
բ) Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ ռազմական հարձակման պարագայում, ըստ անհրաժեշտության, զինվորագրվել Հայրենիքի պաշտպանության գործին, ինչը նշանակում է, որպես կամավոր, մեկնել ռազմական գործողությունների գոտի կամ զբաղված լինել գործունեության այնպիսի տեսակով, որն ուղղակիորեն ծառայում է Հայաստանի ռազմական հաջողության ապահովմանը:
գ) մերժել բռնությունը, որպես ներհասարակական, անձնային հարցերի կարգավորման եղանակ, ճանաչելով, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, այնպես էլ հանրության անհրաժեշտ պաշտպանության իրավունքը. Պայմանագրի մասնակիցները բռնության ակտ են դիտարկում նաեւ ընտրությունների կեղծումը, հանցագործության դիտավորյալ չբացահայտումը, խոսքի ազատության, տեղեկություններ տարածելու եւ ստանալու, հավաքներ անցկացնելու այնպիսի սահմանափակումները, որոնք չեն բխում միջազգային կոնվենցիաներից եւ հռչակագրերից
դ) առանց ժամկետների սահմանափակման’ հետամուտ լինել 2008թ. Մարտի 1-ի սպանությունների եւ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ամբողջական, ինչպես նաեւ հանրային հնչողություն ունեցող բոլոր հանցագործությունների բացահայտմանը
ե) առանց ժամկետների սահմանափակման’ հետամուտ լինել անկախությունից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրությունների արդյունքների կեղծված լինելու վերաբերյալ հայտարարությունների անաչառ քննությանը
զ) առանց ժամկետների սահմանափակման’ հետամուտ լինել երբեւէ Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, նախարարի, ԱԺ պատգամավորի, կառավարությանն առընթեր մարմինների, դատախազության եւ այլ ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց գույքային վիճակի ուսումնասիրությանն ու վերլուծությանը, դրանց հրապարակմանը եւ սրանից բխող, օրենսդրական քայլերի ձեռնարկմանը, որ կներառեն նաեւ այնպիսի մեխանիզմներ, որոնք հանրությանը հնարավորություն կտան ընթացիկ վերահսկողության տակ պահել պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց ունեցվածքն ու եկամուտները:
5. Պայմանագրի մասնակիցները համաձայն են, որ’
ա) Հայաստանի Հանրապետության, որպես պետության հիմնական ազգային գործառույթն է հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժի կամ նրա հիմնական մասի կենտրոնացումը Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ այդ ներուժի անվտանգության ու բնականոն զարգացման ապահովումը:
բ) Սեփական քաղաքացիների առաջ Հայաստանի Հանրապետության հիմնական պարտավորությունը նրանց անվտանգության եւ բարեկեցության ապահովումն է:
Քաղաքացիների անվտանգությունն ապահովելու պետական գործառույթը ներառում է.
– պաշտպանություն արտաքին ագրեսիայից
– պաշտպանություն ապօրինի հետապնդումներից, ոտնձգություններից, իրավունքների ոտնահարումներից
– պաշտպանություն բնական եւ տեխնածին աղետներից
– պաշտպանություն համաճարակներից, հիվանդություններից
– բնական պաշարների խելամիտ օգտագործումը, վայրի բնության պահպանությունը, նրան հասցված վնասի վերականգնումը
Քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու պետական գործառույթը ներառում է.
– յուրաքանչյուրի առաջ սոցիալական պատասխանատվությունը
– կրթության, առողջապահության հանրամատչելիությունը
– ազատ տնտեսական մրցակցությունը, տնտեսական ազատ գործունեության հնարավորությունը
– հանրահռչակ ազատությունների լիակատար կիրառման հնարավորությունը
– հոգեւոր, մշակութային պահանջների բավարարումը
– քաղաքային, մերձքաղաքային կանաչ գոտիների պահպանումը եւ բազմապատկումը, քաղաքաշինական միջավայրի մարդակենտրոն կազմակերպումը
գ) Անհատական ջանքը քաղաքական, տնտեսական, մարդու իրավունքների բնագավառում եւ հանրային կյանքի մյուս ոլորտներում զարգացման կարեւոր գործոն է: Անհատի գործունեության բնագավառում պետության հիմնական գործառույթը սեփական քաղաքացիների ստեղծարար ընդունակությունների զարգացման եւ իրացման հնարավորություն ստեղծելն է հանրային կյանքի բոլոր բնագավառներում. գիտություն, մշակույթ, սպորտ, կրթություն, քաղաքականություն, տնտեսություն եւ այլն: Օրենքով չարգելված ցանկացած գործունեություն պետք է լինի հանրամատչելի: Յուրաքանչյուր ոք սոցիալական, գիտական, քաղաքական դիրքին պետք է արժանանա օբյեկտիվ-ստեղծագործ ընդունակությունների իրացմամբ.
Քաղաքական ասպարեզում սա ենթադրում է անառարկելիորեն մրցակցային-ազատ ընտրական համակարգի գործադրում, երբ երկրի քաղաքական կառավարման գործառույթները բաշխվում են ժողովրդի ազատ կամքի արտահայտմամբ, ինչը ստեղծում է հավասար հնարավորություններ՝ երկրի կառավարման հավակնորդների համար: Ազատ քաղաքական մրցակցությունն է միակ երաշխիքը, որ երկիրը կունենա առավել արդյունավետ կառավարություն:
Տնտեսական բնագավառում պետությունը պարտավոր է ստեղծել պայմաններ Համախառն ազգային արդյունքի ձեւավորման գործում, տնտեսական գործունեության ոլորտում՝ գործարար հմտություններ ունեցող առավելագույն թվով մարդկանց ներգրավման համար: Տնտեսական, բիզնես դաշտը պետք է ձեւավորվի ազատորեն, գործարար հմտությունների անաչառ մրցակցության՝ հովանավորչության բացառման պայմաններում: Սա նաեւ աղքատության հաղթահարման առանցքային պայման է, երբ գործարար հմտություններ ունեցող յուրաքանչյուր ոք պետք է բիզնես արդյունք ստեղծելու, ինքն իր եւ սեփական շրջապատի բարեկեցությունն ապահովելու հնարավորություն ստանա՝ հավասար, մրցակցային պայմաններում:
Առաջնային խնդիր է մոնոպոլիաների եւ օլիգոպոլիաների վերացումը, տնտեսական մրցակցության համար իրական պայմաններ ստեղծելը. անհրաժեշտ է ձեւավորել օրենսդրական եւ գործնական միջանցք Հայաստանում «զրոյից» տնտեսական գործունեություն սկսելու իրական հնարավորություններ ձեւավորելու համար: Տնտեսական քաղաքականության նպատակը պետք է դառնա աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի բարձրացումը, մասնավորապես՝ նոսր բնակեցված մարզերի, տարածաշրջանների եւ ընդհանրապես Հայաստանի բնակչության թվի աճը:
Անկախ դատական համակարգի առանցքային գործառույթը հասարակական-քաղաքական եւ տնտեսական մրցակցության, սեփականության եւ այլ իրավունքների պաշտպանությունն է. հասարակական-քաղաքական եւ տնտեսական մրցակցության, առավել արդյունավետ քաղաքական եւ տնտեսական կառավարման արդյունքում պետք է ձեւավորվի բավարար ազգային արդյունք՝ սոցիալապես անապահով քաղաքացիների արժանապատիվ կենսամակարդակ ապահովելու, կրթության եւ գիտության՝ միջազգային չափանիշերին համապատասխանող ֆինանսավորման, մշակույթի, սպորտի, զարգացման համար:
Հանրության հարուստ հատվածը սոցիալական պատասխանատվություն է կրում հանրության աղքատ հատվածի նկատմամբ: Պետությունը պետք է ստեղծի գործուն մեխանիզմներ աղքատների նկատմամբ հարուստների սոցիալական պատասխանատվությունն իրացնելու համար: Այս խնդիրը պետք է լուծվի ոչ այնքան եւ ոչ միայն վարչական լծակների գործադրմամբ, որքան ազգային-սոցիալական քաղաքականության շուրջ հանրային կոնսենսուսի ձեռքբերմամբ, որը կամրագրվի օրենքով: Հանրության հարուստ հատվածի սոցիալական պատասխանատվությունը հանրության աղքատ հատվածի նկատմամբ պետք է իրացվի բացառապես ՀՀ պետական բյուջեի շրջանակներում:
դ) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության առաջնային խնդիրը բնակչության թվի մեծացումն է. ըստ այդմ, առաջիկա 20 տարիներին ՀՀ բնակչության թիվը պետք է կրկնապատկվի: Այս խնդրի լուծման կարեւորագույն միջոցներն են Հայաստանի Հանրապետությունից տեսանելի արտագաղթի դադարեցումը, Հին եւ Նոր Սփյուռքը ներկայացնող հայերի՝ դեպի Հայաստանի Հանրապետություն հայրենադարձության հարաճուն գործընթացի հարուցումը, ծնելիության աճը:
ե) քանի դեռ չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հարցը, Հայաստանը չպետք է դիտարկի ոչ Եվրոպական միությանը ոչ Եվրասիական միությանն անդամագրվելու հարցը. Հայաստանը պետք է հատուկ հարաբերություններ կառուցի երկու դրացիների՝ Իրանի եւ Վրաստանի հետ: Այդ հարաբերությունները պետք է առավելագույնս դուրս լինեն աշխարհքաղաքական կոնյունկտուրայի ազդեցությունից: ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի, Չինաստանի հետ Հայաստանի հարաբերությունների նպատակը արժանապատիվ հարաբերությունների հաստատումն ու ՀՀ ինքնիշխանությունը պաշտպանությունն է: Հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների:
զ) ընդունելի է Ղարաբաղի հարցի կարգավորման ցանկացած լուծում, որ ընդունելի է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար. Ղարաբաղի հարցի կարգավորման որեւէ ծրագրի իրագործումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային լիարժեք կողմի կարգավիճակի վերականգնմամբ, առանց որի համաձայնության հարցի կարգավորման որեւէ տարբերակ չի կարող համարվել դե յուրե ընդունված
է) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի անվտանգության կարեւոր երաշխիք է. ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը պետք է շարունակվի մինչեւ համաշխարհային ճանաչում
ը) քաղաքական ասպարեզում Հայաստանի առաջ ծառացած կարեւորագույն խնդիրը ժողովրդավարությունն է, համաձայն ձեւակերպման, որ ժողովրդավարությունը իշխանության խաղաղ, անարյուն, ընտրական ճանապարհով փոփոխությունն է, փոփոխության իրական հնարավորությունը: Ժողովրդավարության գործնական կիրառումն, ըստ այդմ, ընդդիմության իշխանության հասնելն է խաղաղ, ընտրական ճանապարհով, իշխանություն դարձած իշխանության հեռացումը իշխանությունից’ խաղաղ, ընտրական ճանապարհով եւ այդպիսի պարբերական մեխանիզմի կիրառումը՝ համաձայն ազատ, արդար, օրինական, վստահելի ընտրական համակարգի արձանագրած՝ ժողովրդի ազատ կամարտահայտման: Պայմանագրի մասնակիցները համարում են, որ Թավշյա հեղափոխության տրամաբանությունը չի հակասում ընտրական իշխանափոխության տրամաբանությանը: Երբ ընտրական իշխանափոխության ճանապարհը չի գործում, Թավշյա հեղափոխությունը դառնում է ընտրական իշխանափոխության մեխանիզմը կենդանացնելու միակ եղանակ:
թ) քաղաքական ասպարեզում գործնական խնդիրը սույն պայմանագրի շրջանակներում՝ իշխանությունը ստանձնելու ընդունակ հասարակական-քաղաքական թիմի ձեւավորումն է, եւ այդ թիմի կողմից իշխանության եւ դրանից բխող պատասխանատվության ստանձնումը’ սույն պայմանագրում շարադրված խնդիրների իրականացման նպատակով
ժ) քաղաքականությունը պետք է լինի հրապարակային. քաղաքական գործընթացների, դրանց բովանդակության ու մանրամասների վերաբերյալ հանրության առավելագույն իրազեկումը ժողովրդավարության կարեւորագույն բաղադրիչ է, որն անհնար է իրագործել առանց խոսքի, մամուլի, ինտերնետի եւ եթերի ազատության. հանրային, պետական հարցերի վերաբերյալ քաղաքական, հանրային բանավեճը անընդհատ գործընթաց է եւ չպետք է դադարի՝ դառնալով հանրային էներգետիկայի հարաճուն աղբյուր. այսօրինակ բանավեճի կարեւորագույն հարթակը ազատ լրատվամիջոցներն են, հեռուստատեսային ազատ եւ բազմազան հարթակները, որոնց գոյության երաշխավոր լինելը ժողովրդավարական իշխանության առաջնային պարտավորությունն է: Այս ինստիտուտները պետք է դառնան հասարակական կարծիքի արտահայտման հարթակ, ինչը ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում երկրի կառավարմանը ժողովրդի մասնակցության կարեւորագույն ինստիտուտ է:
ի) օրենքները պետք է դառնան հանրային, անձնային, խմբային հարաբերությունների կարգավորման նոր ավանդույթների ձեւավորման առանցք. հարաբերությունների կարգավորման եղանակները, որ լայնորեն փոխ են առնվում հանցագործ աշխարհից’ պետք է արմատախիլ արվեն հանրային հարաբերությունների բոլոր մակարդակներից. ոստիկանություն, դատարան դիմելը պետք է դառնան իրավունքների պաշտպանության արդյունավետ գործիքներ, հանցագործությունները կանխելը, ծանր եւ առանձնապես, ծանր հանցագործության մասին հայտնելը’ պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված պարտավորություն: Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել Քրեական օրենսգրքում մասնավոր մեղադրանքի գործերի շրջանակը լայնացնելու համար
լ) Քաղաքացիական պայմանագիրը գործում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների եւ ազատությունների հիման վրա, եւ կիրառելի է համարում նշված փաստաթղթերում հիշատակված պայքարի միջոցները
6. Սույն պայմանագրի մասնակիցները կարեւոր են համարում, որ քաղաքական գործունեության ֆինանսավորման աղբյուրները լինեն թափանցիկ եւ ջանքեր են գործադրում Հայաստանում քաղաքական գործունեության ֆինանսական թափանցիկության մեխանիզմներ ձեւավորելու համար:
7. Սույն պայմանագրի մասնակիցները Նիկոլ Փաշինյանին լիազորում են պայմանագրի շրջանակներում իրականացնել հետեւյալ լիազորությունները.
ա) ձեւավորել Պայմանագրի կառավարման խորհուրդ՝ պայմանագրի մասնակիցների ցանկից. կառավարման խորհրդի գործունեության ժամկետը վեց ամիս է, որի ավարտից հետո ձեւավորվում է նոր խորհուրդ
բ) ղեկավարել Պայմանագրի կառավարման խորհուրդը, որը գործում է կանոնադրության համաձայն. կանոնադրությունն ընդունում է կառավարման խորհուրդը՝ սույն պայմանագրի հիման վրա
գ) տնօրինել Պայմանագրին միացած քաղաքացիների մասին տեղեկատվությունը եւ ապահովել անձնական տվյալների գաղտնիությունը
դ) մշակել եւ գործարկել քաղաքացիական պայմանագրին արվող նյութական նվիրատվությունների հավաքման, հաշվառման, ծախսերի թափանցիկության գործուն մեխանիզմներ, տնօրինել Պայմանագրի շրջանակներում ձեւավորված գույքն ու ֆինանսական միջոցները
ե) մինչ կառավարման խորհրդի ձեւավորումը իրականացնել Պայմանագրի ընթացիկ կառավարումը, կառավարման խորհրդի ձեւավորումից հետո նրա հետ համատեղ նախապատրաստել «Քաղաքացիական պայմանագրի» առաջին համաժողովը, ոչ ուշ քան Պայմանագրի պաշտոնական հրապարակումից հետո երեք տարվա ընթացքում. համաժողովի ընթացքում կձեւավորվեն Պայմանագրի կառավարման ընտրովի մարմիններ, որոնք կստանձնեն Քաղաքացիական պայմանագրի ամբողջական կառավարումը
զ) ներկայացնել Քաղաքացիական պայմանագիրը, նրա անունից հանդես գալ հայաստանյան եւ արտերկրյա սուբյեկտների հետ հարաբերություններում. Քաղաքացիական պայմանագրի անունից կարող են հանդես գալ նաեւ կառավարման խորհրդի կողմից լիազորված այլ անձինք
8. Պայմանագրի մասնակիցը իրավունք ունի.
ա) հանդես գալ Պայմանագրի գործունեության հետ կապված առաջարկներով, ստանալ Պայմանագրի գործունեության հետ կապված ամբողջական տեղեկատվություն
բ) կառավարման խորհրդի համաձայնությամբ եւ սահմանած կարգով հանդես գալ Պայմանագրի տարածքային խմբեր ձեւավորելու նախաձեռնությամբ. տարածքային խմբեր, գրասենյակներ կարող են բացվել եւ գործել, ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ Սփյուռքում
գ) կառավարման խորհրդից տեղեկատվություն ստանալ Պայմանագրին նվիրաբերված գույքի, դրամական միջոցների օգտագործման վերաբերյալ
դ) ազատորեն, ցանկացած պահի դադարեցնել մասնակցությունը Պայմանագրին. Սույն պայմանագրին մասնակցությունը չի կարող սահմանափակել մասնակցի՝ ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով, Մարդու իրավունքի միջազգային փաստաթղթերով երաշխավորված որեւէ իրավունք:
9. Պայմանագրի գույքը եւ ֆինանսական միջոցները ձեւավորվում են նվիրատվություններից. նվիրատվություններով կարող են հանդես գալ, ինչպես Պայմանագրի մասնակիցները, այնպես էլ այլ քաղաքացիներ: Պայմանագրի ֆինանսական միջոցները կարող են օգտագործվել հետեւյալ նպատակներով
ա) կազմակերպչական, տեխնիկական ծախսեր, այդ թվում եւ գրասենյակների, գույքի գնում, վարձակալություն
բ) ներկայացուցչական ծախսեր
դ) բարեգործական ծախսեր
ե) գործուղումներ
զ) հանրային իրազեկման ծախսեր
Պայմանագրին գումար եւ գույք նվիրաբերած քաղաքացիները ցանկացած պահի իրավունք ունեն տեղեկություններ պահանջել կատարված ծախսերի վերաբերյալ, եւ նրանց պահանջը պարտադիր կարգով պետք է բավարարվի առավելագույնը՝ երեք օրվա ընթացքում:
Պայմանագրին կարող են արվել կանխիկ եւ անկանխիկ նվիրատվություններ: Պայմանագրի նվիրատուի անձնական տվյալները կարող են հրապարակվել միայն նրա գրավոր համաձայնությամբ:
10. Պայմանագրի մասնակից դառնալը.
Անձը Պայմանագրի մասնակից կարող է դառնալ qaxpaymanagir@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելով սեփական անձի մասին հետեւյալ տվյալները.
– անուն, ազգանուն, հայրանուն
– ծննդյան օր, ամիս, տարի
– ծննդյան վայր
– բնակության ընթացիկ հասցե
– էլ. փոստի հասցե, հեռախոսի համար, (skype-ի հասցե, եթե առկա է)
– կրթություն, մասնագիտություն
– աշխատանքի վայր, զբաղմունք
– լուսանկար
Պայմանագրի մասնակցի անձնական տվյալները գաղտնի են եւ ենթակա չեն հրապարակման՝ առանց նրա գրավոր համաձայնության: Անձը չի համարվում պայմանագրի մասնակից ,եթե նրա ուղարկած տվյալները պարունակում են կեղծիքներ:
11. Պայմանագրի մասնակից չեն կարող լինել անձինք, ովքեր՝
1) 2007-2008թթ. Համաժողովրդական շարժումը ուժով ճնշելու գործում ներգրավված են եղել, որպես կազմակերպիչ կամ կատարող:
2) 2008 թվականի Մարտի 1-ի դրությամբ ՀՀ-ում զբաղեցրել են առնվազն նախարարի տեղակալի եւ սրան համարժեք կամ բարձր պաշտոններ, եւ պետական հեղաշրջումից հետո ի նշան բողոքի, չեն լքել պաշտոնը:
3) մասնակցություն են ունեցել քաղաքացիական շարժումների մասնակիցների, ակտիվիստների դեմ մեղադրական դատավճիռների կայացմանը
12. Անձի մասնակցությունը Պայմանագրին կարող է դադարեցվել, եթե նրա որեւէ արարք անհամատեղելի է սույն պայմանագրում արձանագրված սկզբունքների հետ, կամ պարզվում է, որ անձը սույն պայմանագրով նախատեսված ձեւով չէր կարող Պայմանագրին մասնակցել: Մասնակցության դադարեցման առաջարկով կարող է հանդես գալ Պայմանագրի ցանկացած անդամ: Հարցի վերաբերյալ որոշումը կայացնում է կառավարման խորհուրդը:
13. Սույն պայմանագիրը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում