Երևանցի զինվորների ծնողները մեկնել են մարզեր՝ Հայոց բանակի օրը իրենց որդիների հետ նշելու

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, հունվարի 27-ի ուշ երեկոյան, երևանցի շուրջ 300 ժամկետային զինծառայողների ծնողներ հարմարավետ ավտոբուսներով մեկնել են ԼՂՀ, Սյունիքի և Տավուշի մարզեր՝ Հայոց բանակի օրը իրենց որդիների հետ նշելու: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ծրագրի իրականացման պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ ինչպես և նախատեսվել էր, մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի կողմից նախապես ներկայացված ցուցակների համաձայն ընտրվել են սոցիալապես անապահով ընտանիքները, որոնց որդիները ծառայում են արդեն ավելի քան մեկ տարի: Նաև զեկուցվել է, որ ողջ ճանապարհի երկայնքով ավտոբուսներին կուղեկցեն Ճանապարհային ոստիկանության մեքենաները ու, բացի այդ, յուրաքանչյուր ավտոբուս ապահովվել է նաև մեկ բժշկով: Պատասխանատուները նշել են, որ ապահովված է նաև քաղաքացիների սնունդը:

Զեկույցն ընդունելուց հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանը անձամբ ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, շնորհավորել ծնողներին Հայոց բանակի օրվա կապակցությամբ և մաղթել նրանց բարի երթ:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին նման նախաձեռնության համար, ժամկետային զինծառայողների ծնողներն իրենց հերթին շնորհավորել են Տարոն Մարգարյանին տոնի առիթով և նկատել, որ նման նախաձեռնություններով հերթական անգամ փաստվում է, որ քաղաքային իշխանությունը իսկապես բարձր է գնահատում Հայոց բանակի դերն ու նշանակությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում