Պիտի ծնվի այնպիսի միություն, որը չի ենթարկեցնի և կլանի. Հռոմի Պապի կոչը Էջմիածնից. Ուղիղ

Պիտի ծնվի այնպիսի միություն, որը չի ենթարկեցնի և կլանի. Հռոմի Պապի կոչը Էջմիածնից. Ուղիղ

12:14

Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոսք է հղել իր այցի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագի ընթացքում, որում մասնավորապես ասվում է.

«Միածինը, որ այստեղ իջավ» օրհնի մեր ճանապարհը: Սուրբ Հոգին բոլոր հավատացյալներին պարգևի մեկ սիրտ, մեկ հոգի. մեզ այցելի միության մեջ վերահաստատելու: Այս պատճառով ուզում եմ կրկին կանչել Նրան՝ իմը դարձնելով սքանչելի խոսքերից ոմանք, որ ձեր Ծեսի մեջ մուտք են գործել: Եկ, Հոգի, Դու «որ բարեխոս ես մեզ համար, անմռունչ հեծություններով ողորմած Հոր մոտ, որ սրբերին պահում ես և մեղավորներին մաքրում», թող իջնի մեր վրա քո սիրո և միության կրակը, և «այս կրակով հալվեն մեր գայթակղության պատճառները» (հմմտ. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ, Մատյան ողբերգության, 33,5), նախևառաջ միության պակասը Քրիստոսի աշակերտների միջև: Հայ Եկեղեցին խաղաղությամբ ընթանա և մեր միջև խաղաղությունը կատարյալ լինի: Բոլորի մեջ ծնվի միության հզոր ցանկություն, այնպիսի միության, որ պետք չէ լինի «ո՛չ ենթարկություն մեկը մյուսին, ո՛չ կլանում, այլ առավել ընկալում բոլոր շնորհներին, որ Աստված տվել է յուրաքանչյուրին՝ ամբողջ աշխարհին հայտնելու համար փրկագործության մեծ խորհրուրդը՝ իրագործված Տեր Քրիստոսից, Սուրբ Հոգու շնորհիվ» (Սրբազան Հոր խոսքեր Աստվածային Ծիսակատարության ընթացում, Սուրբ Գևորգ Պատրիարքական Եկեղեցի, Պոլիս, 30 նոյեմբեր 2014): Սրբերի հորդորներն ընդունենք, լսենք խոնարհների և աղքատների ձայնին, ատելության բազմաթիվ զոհերին, որ տառապեցին և իրենց կյանքը զոհեցին հավատի համար. ականջ դնենք նոր սերունդներին, որ անցյալի բաժանումներից ազատ ապագա են խնդրում»:

11.42

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հայրապետական խոսք է հղել Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի այցի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագի ընթացքում, որում մասնավորապես ասվում է.

«Սիրելիներ, այս օրերին Մեր հոգևոր եղբոր՝ Ֆրանցիսկոս Պապի հետ միասնական այցերով ու աղոթքներով վերստին հաստատեցինք, որ Քրիստոսի Սուրբ Եկեղեցին մեկ է աշխարհում Քրիստոսի Ավետարանի տարածման, արարչագործության հանդեպ խնամքի, համընդհանուր խնդիրներին դիմագրավելու, Աստծո ստեղծագործության փառքն ու պսակը հանդիսացող մարդու փրկության կենսական առաքելությամբ: Քրիստոսի Եկեղեցու առաքելության անբաժանելի մասն է ազգերի և ժողովուրդների միջև ամրապնդումը համերաշխության, եղբայրության ու գործակցության, որի վկայությունն է այսօր սրբազան այս Պատարագին մասնակցությունը Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների՝ ասորիների, բելառուսների, հույների, վրացիների, հրեաների, եզդիների, քրդերի, գերմանացիների, լեհերի, ռուսների, ուկրաինացիների, ովքեր մեր ժողովրդի հետ եղբայրական համակեցության մեջ իրենց նպաստն են բերում մեր երկրի զորացմանն ու հասարակական կյանքի առաջընթացին:

Շնորհաշատ այս օրը գոհունակություն է Մեզ համար վերստին հայտնել Մեր շնորհակալությունը Ֆրանցիսկոս Պապին եղբայրական իր այցի առիթով: Մենք և մեր ժողովուրդը միշտ պիտի աղոթենք Ձեզ համար, սիրեցյալ եղբայր, և ի սեր մարդկության բարօրության ու խաղաղ կյանքի և Քրիստոսի Սուրբ Եկեղեցու պայծառության Ձեր ջանքերի համար: Թող Տերը պահի Ձեզ կորովաշատ, օրհնի ու հաստատուն պահպանի մեր Եկեղեցիները սիրո միության և գործակցության մեջ և պարգևի եղբայրության վկայության նորանոր առիթներ: Ձեր ամենօրյա աղոթքներում հիշեք հայ ժողովրդին, հայոց երկիրն ու Հայ Եկեղեցին, Մա յր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

Աղոթական հոգով հայցում ենք Բարձրյալն Աստծո ամենախնամ Սուրբ Աջի պահպանությունն ու զորակցությունը պատերազմներից ու ահաբեկչություններից տուժածներին, սովի, աղքատության և փորձությունների մեջ գտնվողներին: Հայցում ենք մեր Տիրոջ ամենառատ շնորհները մեր կյանքին և համայն աշխարհին: Ամեն»:

10.00

Մայր Աթոռի Սուրբ Տրդատ բաց խորանում մեկնարկել է Սուրբ պատարագը, որը մատուցում է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Սրբազան քահանայապետ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասնակցությամբ: Առաջնորդական սուրբ պատարագից հետո նախատեսվում է հանդիպում Հայոց եկեղեցու պատվիրակությունների հետ, համատեղ հայտարարության ստորագրման արարողություն: Այնուհետ Սրբազան քահանայապետը և Վեհափառ Հայրապետը կայցելեն հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ, որտեղ միասին աղոթելուց հետո աղավնիներ բաց կթողնեն Արարատի ուղղությամբ, որից հետո տեղի կունենա Հրաժեշտի արարողություն  և Սրբազան քահանայապետը կմեկնի օդանավակայան` վերադառնալու Հռոմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում