1915-ին մեր պապերը փախել են, մենք պիտի չփախնենք. ամեն ինչ պիտի վերջանա հաղթանակով. Այսօր հիշել են ՏՂԵՐՔԻՆ
Նմանատիպ
Հունիսի 29-ն անհետ կորած ազամարտիկների հիշատակի օրն է. 24 տարի առաջ այս օրը «Արաբո», «Զեյթուն», «Արծիվ-13» ջոկատների մարտիկները տվեցին իրենց վերջին կռիվն ու անմահացան անհայտության մեջ:
Օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ ոգեկոչման և ծաղկեդրման արարողություն, որին մասնակցում էին ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմը, ՀՀ գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները, ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի, ԵԿՄ-ի, Արցախյան պատերազմի վետերանների միության, ՀԿ-ների ներկայացուցիչներ, անհետ կորած ազատամարտիկների հարազատներ:
«Տարիներ առաջ այս օրը, հակառակորդի խելագար հարձակումը կանգնեցնելիս Մարտակերտի ճակատում «Արաբո», «Զեյթուն» և Արմավիրի կամավորական ջոկատների ու Մարտակերտի պաշտպանական շրջանի մարտիկները մնալով շրջափակման մեջ, կռվեցին մինչև վերջ` գրելով արցախյան ազատամարտի ամենահերոսական և ողբերգական էջերից մեկը: Դժվար է ասել, թե ինչ ընթացք կունենային հետագա մարտական գործողությունները, եթե չլինեին մեր հերոս ընկերների կամքը, հավատն արդարության ու հաղթանակի նկատմամբ և թշնամուն ամեն գնով կանգնեցնելու անկոտրում վճռականությունը: Անհետ կորած մարտիկները յուրաքանչյուր պատերազմի անխուսափելի ուղեկիցներն ու չսպիացող վերքերն են»,-իր խոսքում նշեց ՀՀ պաշտպանության նախարարը՝ նկատելով, որ սրանից հնարավոր է լինում խուսափել կանոնավոր բանակի առկայության դեպքում:
Նախարարն ընդգծեց, որ իր ղեկավարությամբ ՀՀ գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը բնականոն հունով աշխատում է, տարվում է օպերատիվ-հետախուզական աշխատանք՝ պարզելու արդյո՞ք կան նորություններ անհետ կորածների ճակատագրի հետ կապված: Եվ քանի որ չկա Ադրբեջանի հետ ուղիղ շփման հնարավորություն, այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունն այս հարցով աշխատում է միայն միջազգային կառույցների միջոցով.«Ցավոք, անհետ կորածների վերաբերյալ այսօր նորություններ չունենք: Բայց ամեն անգամ փորձում ենք ինչ-որ աշխատանք տանել»:
Առաջին հերթին Անկախ Հայաստան և Ազատ հայրենիք. գործերը կսպասեն
«Ընդամենը 33 տարեկան էր, ամուսնացած չէր: Վերջին մարտը 1992-ի հունիսի 20-ին էր, երբ իր ղեկավարած «Արծիվ-13» ջոկատը Մարտակերտի շրջանի Լենինավանի մատույցներում ընկավ շրջափակման մեջ: Սկզբում չհավատացի էդ լուրին, որ իմ տղան…Բայց արդեն 25 տարի է անցել, բերանս չի գնում, որ ասեմ…բերանս պապանձվի, որ ասեմ գերեզման…Հինգ տարի այդ ջոկատի կազմակերպիչն իմ տղան է եղել, Արմավիրի առաջին կամավորական ջոկատի հիմնադիրը, նաև՝ «Ղարաբաղ» կոմիտե, ՀՀՇ…Այո, հինգ տարի այդ գործի մեջ էր իմ տղան, համազգային շարժումը սկսել է և առաջինն ինքն է արձագանքել Հոկտեմբերյանում: Առաջին նստացույցն անողն էլ է իմ տղան եղել Կարմիր ակումբի դռան առաջ: Ինքն ինժեներ էր աշխատում, բայց բոլորը դրեց մի կողմ ու անցավ կռվի: Իր պահանջն էր՝ Անկախ Հայաստան, Ազատ հայրենիք: Այդ շարժման հետ Երևանում ցույցերի մեջ էր, Ինքը և քաղաքական գործիչ էր, և զինվորական, երբ երկրի վիճակը վատացավ թողեց իր քաղաքական գործն ու ասեց՝ զենք պիտի վերցնել, քաղաքական գործով չի լինի»,- ինձ հետ զրույցում պատմեց «Արծիվ-13» ջոկատի հրամանատար Ռուբեն Եղոյանի մայրը՝ տիկին Թամարան, որն ուշադրությունս գրավեց իր համեստությամբ՝ ուսուցչի տպավորություն թողնելով, երբ դեռ չէի էլ մոտեցել:
Ցավեցնող հպարտությամբ թվարկում է որդու կռված տեղերը. «Մասնակցել է Երասխի, Իջևանի, Նոյեմբերյանի, Արծվաշենի մարտերին, հետո Հայաստանի սահմաններից անցավ Արցախ և 2 տարի մնաց այնտեղ, բոլոր մարտերին մասնակցել է՝ Հադրութ, Մաղավուս, Մատաղիս, Ջրաբերդ, Հակոբ Կամար, Վերիշեն և Չայլու գյուղերի համար: Եթե անգամ ասեինք մի գնա, գնալու էր: Չէինք կարող դեմ լինել, որովհետև եթե ինքը որոշում էր, ուրեմն իր ասածը պիտի լիներ: Ասում էր՝ առաջին հերթին Հայրենիք ու Հայաստան, մեր ժողովրդին, հետո կանցնենք այլ գործերի: Իրեն ոչ պաշտոնը, ոչ էլ փողն է հետաքրքրել: Ինքը վստահ էր, որ պիտի հաղթենք, որովհետև իր պապերը կոտորվել էին թուրքական փախուփախին. մենք Էրգրից ենք: Ասում էր՝ 1915-ին մեր պապերը, ղեկավարությունը փախել են, եթե կռվեին, այլ բան կլիներ, հիմա չպիտի փախնենք: Ու թող մի քանիսին էլ մենք կոտորենք, մեկ է մեզ կոտորում են»:
Մի պահ լռությունից հետո տիկին Թամարան հիշում է՝ որդին երազում էր ավիակոնստրուկտոր դառնալ, պարապում էր, որ Մոսկվա մեկնի ուսանելու, սակայն ճակատագիրն անմահության այլ ուղի էր նախանշել:
«Իմ տղեն զենքի արտադրության նախագահն էր Հոկտեմբերյանում, ամբողջ զենքի հեղինակն ինքն էր. մի ոտքն Արցախում էր, մեկը հաստոցաշինական գործարանում: Սաղ օրը ստանոկի կողքը զենք էր սարքում՝ հիմա լավ էր թե վատ, բայց էն ժամանակ զենք չունեինք»,-շարունակում է տիկին Թամարան և հեռանալուց առաջ կրկնում որդու խոսքը. «Մեր պայքարի փորձը ցույց է տվել, որ ամեն ինչ պիտի վերջանա հաղթանակով»:
Հ.Գ. Ճակատագրի հեգնանք անվանել, թե չար կատակ, փորձություն, բայց տիկին Թամարայի հետ հանդիպումիցս 2 օր հետո Ադրբեջանն Արցախում պատերազմական գործողություններ սկսեց: Եվ տպավորություն է, որ վերջին խոսքը մի տեսակ մարգարեական դարձավ:
ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում