Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքն է հղել Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով

Հունվարի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու շնորհավորանքն է հղել Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին Երուսաղեմի Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով:

«… Փառք Ամենակալին, որ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը ուխտյալ եկեղեցականաց հավատարիմ ծառայությամբ դարեր ի վեր արդյունազարդում է իր սրբազան առաքելությունը Տերունակոխ սուրբ վայրերում: Մեր հոգու հայցն է, որ Տիրոջ օրհնության ներքո Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանությունը Ձեր գլխավորությամբ շարունակի տերունապատվեր սպասավորությունն ու նախանձախնդիր պահպանությունը Սուրբ տեղյաց մեր նվիրական սրբավայրերի», – ասվում է Վեհափառ Հայրապետի շնորհավորագրի մեջ:

Նորին Սրբությունը մաղթել է, որ Բարձրյալն Աստված աջակից լինի նորընտիր Պատրիարքին’ շնորհելով արգասալի իրագործումներ ու մշտանորոգ հաջողություններ, և առավել զորացնի Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը’ ի փառս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի մխիթարություն համայն հավատավոր հայ ժողովրդի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում